Foto

Խաղաղություն չի լինում, երբ Բաքվի օկուպացիոն զորքերը Հայաստանի տարածքում են․Խաչատրյանն ասել է ԵԽ-ում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր ելույթի մանրամասները ԵԽ-ում ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում։

«Անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ-ի Անկախության հռչակագրի և հանրաքվեի նսեմացման քաղաքականությանը։ Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն անկախություն ստացավ ոչ թե որովհետև ընդունեց Անկախության հռչակագիրը, ոչ թե որովհետև ամբողջ ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր և քվեարկեց անկախության օգտին, այլ երբ ՀՀ-ն միացավ Անկախ պետությունների համագործակցությանը՝ Ալմաթայի հռչակագիրը ստորագրելով և վավերացնելով Բելովեժյան արձանագրությունը։ Այսինքն՝ եթե չլիներ Անկախ պետությունների համագործակցությունը, ՀՀ-ն անկախություն չէր ունենալու»,- ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ նաև խոսել է TRIPP-ի մասին. «Փաստորեն քարտեզներով ցույց եմ տվել, որ այս վիճակում չի կարող ՀՀ-ի շրջափակումը ճեղքվել, անհրաժեշտ է, որ ՀՀ-ն երկաթուղային կապ ունենա թե՛ արևելյան ճանապարհով, այսինքն՝ գործի Իջևան-Ղազախ ճանապարհը, և թե՛ բացվի ՀՀ-Թուրքիա կապը»։

Նա նշեց, որ խոսել է նաև խաղաղության մասին և ասել, որ «չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են․ լավագույն դեպքում ունենք հրադադար։ Եվ որպեսզի հրադադարը դառնա իրական խաղաղություն, պետք է ջանքեր թափենք, ստիպենք Ադրբեջանին վերջացնել իր ագրեսիվ քաղաքականությունը և պաշտպանենք ՀՀ-ի շահերը»։

Ընդդիմադիր պատգամավորը ԵԽ-ում նաև անդրադարձել է արցախցիների վերադարձի իրավունքին։ «ԵԽ-ն բազմաթիվ բանաձևեր ունի, որով պահանջում է իրականացնել վերադարձի իրավունքը։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է արգելել մարդկանց վերադառնալ իրենց հայրենիքը, և ցավոք մենք այս ամենի քաղաքական արձագանքը տեսնում ենք նաև Եվրոպական խորհրդարանում։ Կփոխվի Նիկոլ Փաշինյանը, կփոխվի թե եվրոպական քաղաքականությունը, թե ամերիկյանը․ չեն կարող ակնկալել որևէ երրորդ երկրից ՀՀ-ի իշխանություններից ավելի հայանպաստ լինել»,- նշեց նա։