Իրանում պատերազմը, որը սանձազերծել են Միացյալ Նահանգները և Իսրայելը, անօրինական է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ դիվանագիտական կարգավորում գտնելու կոչ անելով։
Ինչպես նշել է վարչապետը՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին, անհրաժեշտ է «փորձել դիվանագիտական լուծում գտնել» հակամարտությանը, «որը Եվրոպայում ոչ ոք չէր սպասում»։
«Իսպանիայի կառավարությունը և, ես կասեի, ամբողջ իսպանական հասարակությունն առաջին իսկ րոպեից դատապարտել են (պատերազմը), որը մենք չենք պաշտպանում, համարում ենք անօրինական, և որի (հետևանքները), ցավոք, ոչ միայն մարդկային զոհերի, տեղահանված անձանց և փախստականների առումով, այլև մեր համաքաղաքացիների բարեկեցության տեսակետից մենք արդեն սկսում ենք զգալ», – նշել է Սանչեսը։
Իսպանիան հենց սկզբից հանդես է եկել ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության դեմ: Մադրիդը նաև Միացյալ Նահանգներին թույլ չի տվել օգտագործել թագավորության տարածքում գտնվող բազաներն Իրանի դեմ գործողության նպատակով: Այդ դիրքորոշումը քննադատությամբ է ընդունվել ԱՄՆ-ի կողմից, որը սպառնացել է խզել առևտրային հարաբերություններն Իսպանիայի հետ:









