2023 թվականին նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության միջոցառում, որը հնարավորություն կտա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Այս մասին խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ այս ծրագրի համար 2023 թվականին բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ:
Եթե տեղահանված ընտանիքն անշարժ գույք ձեռք բերի կամ կառուցի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղական բնակավայրում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն: Ձեռքբերման դեպքում կտրամադրվի հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ կառուցապատման դեպքում՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 13 տոկոս:









