Foto

Հայկական «ծանրաբեռնված խաչմերուկը»

Օրերս հայտնի դարձավ, որ առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հերթական հանդիպումը: Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ այս մասին նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս մեկ ամիս առաջ՝ Պրահայում քառակողմ հանդիպումից հետո։   Հանդիպման հետ կապված՝ Միրզոյանը նշել է, որ կան կենտրոններ, որոնք շահագրգիռ են հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմամբ: «Հայաստանը կառուցողական կերպով մասնակցում է տարբեր հարթակներով այդ բանակցություններին»,- ասել է նա:

Այս հանգմանքը հատկապես ուշագրավ է հոկտեմբերի 27-ին «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից ու հոկտեմբերի 31-ին Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններից, համաձայնեցված եռակողմ տեքստից հետո: Սա վկայում է այն մասին, որ Արևմուտքը փաստացի չի պատրաստվում հանձնվել, այլ հակառակը՝ ակտիվորեն շարունակում է առաջ տանել իր ներգրավվածությունը մեր տարածաշրջանում։ Ակնհայտ էր, որ ՌԴ-ն փորձում էր գրավել բանակցային նախաձեռնությունը, իր տարբերակն առաջարկել կողմերին կամ փնտրել տարբերակներ, որոնք նոր լուծումներ են պարունակում, միևնույն ժամանակ սպասարկում են ՌԴ շահերը տարածաշրջանում:

Դեպքերի և իրադարձությունների ակտիվ գործընթացին հետևելով՝ գրեթե վստահաբար կարող ենք պնդել, որ առաջիկայում ԱՄՆ-ում սպասվող հանդիպմանը կոնկրետ փաստաթուղթ դժվար թե քննարկվի: Ըստ ամենայնի ԱՄՆ-ն ավելի շատ փորձելու է հասկանալ, թե ո՞ւր են հասել կողմերը և որքանով են հետևողական՝ իրականացնելու սեպտեմբերին ԱՄՆ միջնորդությամբ կայացած հանդիպումների պայմանավորվածությունները: ԱՄՆ-ն ունի սեփական գեոպոլիտիկ նկրտումները՝ կապված Մեծ Մերձավոր Արևելքում տարվող իր քաղաքականության հետ: Նաև այստեղ չպետք է մոռանանք Իրանի հետ ՀՀ ընդհանուր սահմանի փաստը որի հետ կապված՝ տարբեր փորձագիտական շրջանաններ և առանձին վերլուծաբաններ քանիցս բարձրաձայնել են։ Ասել է թե, չպետք է ոգևորվել որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի ակտիվությամբ։

Ընդգծենք, որ ըստ ամենայնի՝ ավելի հավանական է մտածել, որ ԱՄՆ աջակցությամբ գործընթացը վերջնակետին կարող է հասնել Բրյուսելում, քանի որ ղեկավարների հաջորդ հանդիպումը ևս նախատեսված է Բրյուսելում: Բայց այս հանդիպումը նշանակում է, որ Արևմուտքը չի ցանկանում կորցնել ակտիվության այս գիծը և զիջել իր դիրքերը նույն Արևմուտքին (ԵՄ տեսքով): Իհարկե, գործընթացը կախված է կողմերից, և չի բացառվում, որ ԱՄՆ-ը, Բրյուսելի միջնորդության հարցում իրական վտանգներ նկատելով,  ավելի է ակտիվացել հենց այս փուլում ու բարձրաստիճան նախաձեռնություններ է սկսել: Այստեղ կարևոր է հստակեցնել այն նուրբ գիծը, որ Վաշինգտոնը և Բրյուսելը նույն Արևմուտքը չեն, և Արևմուտք ասելով և՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան փաթեթի կամ տվյալ դեպքում փաթեթների մասին, դրանք աշխարհաքաղաքական առումով բոլորովին այլ նպատակներ և շահեր հետապնդող բևեռներ են։

Ամփոփեելով փաստենք, որ եվրոպական և ամերիկյան վերլուծաբաններն ակնարկում են և փորձում են իմիտացիա ստեղծել, թե ԱՄՆ-ի համար, ըստ էության, սկզբունքային չէ՝ համաձայնագիր կկնքվի ԱՄՆ-ում, թե ԵՄ-ում, կարևոր է, որ Արևմուտքը պահպանի իր ներգրավվածությունն ու ազդեցությունը, որպեսզի հետագա էսկալացիաներ տեղի չունենան: Որոշակի քաղաքական պատկերացում ունեցող անհատի համար, իհարկե պարզ է, որ սա աբսուրդի ժանրի խոսակցություն է, և միանշանակ տվյալ բևեռի համար իր գեոպոլիտիկ շահն անկյունաքարային է։ Ավելորդ է  ևս մեկ անգամ ասել, թե ինչ բարդ աշխարհաքաղաքական խաչմերուկում ենք մենք գտտնվում, և թե ինչ բարդ ու ծանրաբեռնված է դարձել վերջին մի քանի տարների այդ աշխարհաքաղաքական խաչմերուկի «աշխատանքը»։

 Արմեն Հովասափյան