Հայաստանը
վերջին չորսուկես տարիների ընթացքում դարձել է տարածաշրջանային մանրադրամ, և այս հանգամանքը
մենք պետք է արձանագրենք ցավով։ Ըստ էության՝ հենց նման ճակատագիր է սպասվում այն պետությանն
ու նրա քաղաքական իշխանությանը, որը փորձում է ամեն ինչ ջնջել և սեփական կետից սկսել: Ինչպես տեսնում ենք, դրա հետևանքները անդառնալի են ու անդառնալի են բոլորիս համար։ Ստացվում է, որ մի անհատի
քմահաճույքների և մթագնած մտածելակերպի պատճառով, մի ողջ քաղաքակրթություն դատապարտված
է կործանման։ Պետք չէ պատրանքներով ապրել,
այլ իրականությանը նայել ուղիղ․ այսօր վտանգված է պետականությունը, իսկ ազգային գոյության հարցը՝
զուտ ժամանակի խնդիր է լինելու:
Հարավկովկասյան
տարածաշրջանային քաղաքական առևտուրը եռում է, որտեղ Հայաստանն առևտուր անողից վերածվել
է առևտրի առարկայի։ Ֆորմալ առումով, իհարկե, Հայաստանը դեռևս մասնակցում է առևտրին՝
ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բայց կա մի կարևոր հարցադրում, որի պատասխանից է կախված առևտրի
հետագա ընթացքն ու Հայաստանի ճակատագիրն ընդհանրապես․ ի՞նչ խնդիր է լուծում
Փաշինյանը Երևան–Մոսկվա, Երևան-Բրյուսել, Երևան-Վաշինգտոն ու մնացած ուղղություններով
խաղի մեջ․ նա
լուծում է Հայաստանի պետակա՞ն շահերի սպասարկման, թե՞ իր իշխանության պահպանման հարցը։ Այսինքն, որքանո՞վ են նրա գործողությունները բխում հայի և հայկականության
շահերից։
Ըստ էության, սրանք կարևորագույն,
սկզբունքային և առանցքային հարցեր են, որովհետև դրանցից յուրաքանչյուրի սպասարկումը
ենթադրում է միանգամայն տարբեր ռեժիմներ և արդյունքներ։ Ընդ որում, իրավիճակը հասել
է մի հանգուցակետի, երբ Հայաստանի շահերի քիչ թե շատ անվնաս, իսկ իրականում՝ հարաբերականորեն
պակաս վնասակար իրացումը գործնականում հնարավոր է միայն Նիկոլի՝ իշխանությունից հրաժարվելու
պարագայում, և հակառակը՝ Փաշինյանը կարող է շարունակել պահպանել իշխանությունը՝ միայն
Հայաստանի շահերի հաշվին հերթական զիջման գնալու միջոցով։
Եթե թեման դիտարկենք ավելի
գլոբալ տեսանկյունից, ապա վերը նշված պետականության և սեփական շահերի սպասարկման հակասականությունը
հայկական պետականության ու քաղաքական համակարգի ողբերգականության արտահայտությունն
է, երբ պետությունը ղեկավարում է մարդ, ում շահերը ոչ միայն հակոտնյա են պետական շահին,
այլև կարող են իրացվել միայն պետության շահերի հաշվին։ Ընդ որում, այս պատկերն ավելի
է խտացել այն իմաստով, որ իշխանության պահպանումը Նիկոլ Փաշինյանի համար վերածվել է
ոչ միայն քաղաքական, այլ ընդհուպ ֆիզիկական գոյության պահպանման միակ միջոցի, ինչին
նպաստել է նաև ընդդիմության որոշ հատվածի հռետորաբանությունը պատերազմին հաջորդած երկու
տարիների ընթացքում։ Սա պետք է հստակ ֆիքսել, քանի որ տվյալ իրավիճակում ուղղակի այլ
բոնորշում հնարավոր չէ ձևակերպել։
Ցավոք այսօր ունենք մի
իրավիճակ, երբ երկու տարի շարունակ ընդդիմությունը, հայտարարելով պատժի, դատաստանների և այլնի մասին, փորձել է Նիկոլ Փաշինյանին դրդել հրաժարականի,
սակայն իրականում ակամայից էլ ավելի է մղել դեպի իշխանություն՝ ավելի գամելով աթոռին
(այն աթոռին՝ առանց որի Նիկոլը չի պատկերացնում ոչ միայն քաղաքական գոյությունը, այլ
սեփական գոյությունն ընդհանրապես․ դա նրա մանկության փափագն էր)։ Այս իրավիճակը՝ անկախ
դրա առաջացման օբյեկտիվ, սուբյեկտիվ, խուսափելի ու անխուսափելի պատճառներից, մեծագույն
նվեր է մեր տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր ուժային կենտրոններին ու երկրներին՝
սկսած Ադրբեջանից ու Թուրքիայից, մինչև Ռուսաստան, ԱՄՆ, Իրան ու ԵՄ։
Որպես ասվածի հավելում
ընդգծենք, որ Փաշինյանը վերը նշված և չթվարկված այլ կենտրոնների համար «հայկական երազանք»
է՝ իսկական երկնային մանանա, ում՝ իշխանության պահպանման բնազդային ցանկությունների
վրա ներազդելով, նրանք կարող են բավարարել իրենց այնպիսի շահերը, որոնց մասին նույնիսկ
չէին երազի Հայաստանում այլ քաղաքական իշխանության ու առաջնորդի առկայության դեպքում։
Գուցե աշխարհաքաղաքական
նոնսենս է, բայց այսօր արդեն փաստ է, որ իրար հակասող, հակամետ շահեր ունեցող երկրների
շրջանում, Փաշինյան ֆիգուրի շուրջ ձևավորվել է մի յուրահատուկ գեոպոլիտիկ կոնսենսուս,
որը կենսունակ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ կոչվածն առաջնորդվում է ոչ
թե հայկական շահերով, այլ տարածաշրջանային բոլոր խաղացողների պահանջներն ավելի կամ
պակաս չափով բավարարելու սկզբունքով։ Միանշանակ տրամաբանական է, որ բոլորին չմերժելու
նրա մարտավարությունը չի կարող հավերժ շարունակվել, և գալու է մի պահ, երբ հերթական
անգամ բևեռներից մեկի պահանջների բավարարումը հանգեցնելու է մյուսի կամ մյուսների այնպիսի
հակազդեցությանը, որի արդյունքում նրա շուրջ կոնսենսուսը փլվելու է թղթե տնակի
նման, կամ էլ Փաշինյանն իր քաղաքական կարիերայի հիմնական գործիքն է դնելու գործի մեջ՝
քցելու է։ Ցավոք, մեր ողբերգությունն այն է, որ Հայաստանն ուղղակի այդքան ժամանակ չունի,
և մինչև այդ պայմանական հանգուցակետը հայկական շահերը կարող են սպառված լինել վերջնականորեն։
Արմեն Հովասափյան









