Foto

2023 թվականից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան բոլոր մայրերը

2023 թվականին էականորեն կավելանան մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գծով ծախսերը, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«2023 թվականի համար այս միջոցառման գծով ծախսերը նախատեսվել են 20 միլիարդ 350 միլիոն դրամի չափով», - նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի  բոլոր մայրերին՝  անկախ նրանց հաշվառման բնակության վայրից: Արդյունքում՝ շահառուների թիվը կավելանա ի  հաշիվ  չաշխատող քաղաքաբնակ, ինչպես նաև վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում  չգտնվող  մայրերին:

«Նախատեսվում է, որ խնամքի արձակուրդում գտնվողի դեպքում նպաստի չափը հաշվարկվելու  է նվազագույն  աշխատավարձի նկատմամբ կառավարության սահմանած տոկոսից, իսկ չաշխատող կամ վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի  արձակուրդում չգտնվող մայրերի դեպքում՝ խնամքի արձակուրդում գտնվողի համար սահմանված գումարի 80 տոկոսը  չգերազանցող  չափով», - մանրամասնեց նախարարը:

Գյուղաբնակ ու միաժամանակ  խնամքի արձակուրդում գտնվող  ծնողին խնամքի նպաստ  կվճարվի նշված երկու գումարների հանրագումարի չափով:

«Նպաստի չափը 2023 թվականի հունվարից կսահմանվի  37 հազար  500 դրամ՝ 2023 թվականի հունվարի 1-ից  հետո ծնված երեխաների աշխատող ու խնամքի արձակուրդում  գտնվողների համար, իսկ մյուս դեպքում՝  31 հազար 600 դրամ», - ասաց Մկրտչյանը:

Գյուղական բնակավայրում աշխատող  ու  խնամքի արձակուդում գտնվող ծնողը կստանա 69 հազար 100 դրամ, իսկ մինչ 2023 թվականին ծնվածների մասով՝  63 հազար 200 դրամ: