Foto

Իրանի նախագահի շատ կարևոր արձանագրումը տարիներ շարունակ այդպես էլ հասու չեղավ մեր կիսադատարկ պրոպագանդիստների ուղեղներին․ Պետրոսյան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Նիկոլ Փաշինյանի հետ՝ «Սաադաբադ» պատմամշակութային համալիրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ երկու շատ կարևոր արձանագրում է արել, որը այդպես էլ տարիներ շարունակ հասու չեղավ մեր կիսադատարկ պրոպագանդիստների ուղեղներին․
1. Կովկասը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, և մենք զգայուն ենք այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։
2. Կովկասում խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի խաղացողները, և օտարերկրացիների ցանկացած միջամտություն կհանգեցնի նոր մարտահրավերների։
Տարածաշրջանային խաղացողներ ասելով շատերը հասկանում են «3+3» ձևաչափը, ինչն իրականում այդքան էլ այդպես չէ։ 16–րդ դարի սկզբներից Սեֆյան իրանի ջանքերը միշտ էլ ուղղված են եղել թուրքական պետության ազդեցության աճը տարածաշրջանում զսպելուն։ Նաև սա նկատի ունի Իրանի նախագահը՝ «Կովկասը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, և մենք զգայուն ենք այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ» ասելով։ Իրանը անգամ պատրաստակամ է եղել տարածաշրջանը կիսել Ռուսաստանի հետ, բայց ոչ երբեք՝ Թուրքիայի։ Դրա վկայությունները բազմաթիվ են՝ սկսած շահ Աբասի՝ ռուսական Ալեքսեյ Միխայելովիչ ցարին ուղղված նամակից, որում առաջարկ է անում Դերբենդից հարավ ընկած տարածքները վերցնել իրեն, միայն թե Օսմանյան պետությունից ապահովագրված լինի նրա թիկունքը, վերջացրած ռուս–պարսկական 1813 թ Գյուլիստանի և 1828 թ․Թուրքմենչայի պայմանագրերով, որոնցում նորմատիվ արձանագրում ստացան
տարածաշրջանի հիմնական խաղացողները։
Իր արձանագրություններով Ռայիսին նաև երկու կոնսպիրացված հաղորդագրություն հղեց թե՛ Նիկոլին, թե՛ հայ ժողովրդին ընդհանրապես․
1. Ռուսաստանից բացի մեզ համար անընդունելի է այլ ուժի ներկայությունը տարածաշրջանում։
2. Եթե անգամ հանգամանքների բերումով նվազի Ռուսաստանի ազդեցությունը, բացը լրացվելու է Իրանի ազդեցությամբ։ Եթե ավելի պարզ, ապա՝ մենք ժամանակին Կովկասը զիջել ենք Ռուսաստանին ու եթե մի օր նրան այլևս հարկավոր չլինի տարածաշրջանը, այն նորից լինելու է մերը։
Հ․Գ․ Բոնապարտը մի առիթով ասել է՝ քաղաքականությունը նախ և առաջ աշխարհագրություն է։ Ու հենց սա նկատի ունեի, որ 10 տարի շարունակ ամենատարբեր եղանակներով կարևորում եմ «Իրան–Հայաստան–Ռուսաստան» առանցքի ձևավորումը՝ որպես ոչ միայն անվտանգության, այլև հայկական պետության կենսունակության ավիշ։