Վերջին տարիների Հայաստանում հավանաբար բոլորս ենք փաստել, որ ՀՀ տնտեսական կյանքն օրըստօրե էլ ավելի է վատանում՝ հասնելով անրերևակայելի ծանր իրավիճակի։ Փաստացի երկրում ամենուր գնաճ է, սոցիալական մակարդակը գրեթե հասել է անդառնալիության կետին։ Սակայն իշխանության կողմից իրականցվող ագիտպրոպագանդան անընդհատ, հնարավոր բոլոր միջոցներով բարբաջում է տնտեսական աճի ու տնտեսական հերթական «աննախադեպ ձեռքբերման» մասին։
Հետևելով պաշտոնական
հրապարակումներին ու շրջանառած ցուցանիշներին՝ պարզ է դառում, որ Հայաստանի տնտեսությունն
այս տարի բարձր տեմպերով աճում է, ավելին, անգամ երկնիշ աճ ունենք։ Ըստ պաշտոնական
վիճակագրության՝ տնտեսական ակտիվությունը, 2022-ի 8 ամիսների տվյալներով, հասել է ընդհուպ
13,9 տոկոսի։
Առաջին հայացքից
այնպիսի տպավորություն է, որ այս ամենը պիտի հանգեցներ նաև երկրում սոցիալական իրավիճակի
նույնքան ակտիվ բարելավման։ Բայց տնտեսության բարձր աճին զուգահեռ՝ սոցիալական իրավիճակը
ՀՀ-ում գնալով վատանում է։ Ասվածին զուգահեռ տեղի է ունենում աղքատության տոտալ խորացում։
Փաստացի հասարակության մեծ մասն այդպես էլ չի զգում տնտեսական աճի ազդեցությունը։
Սա պայմանավորված
է այն հանգամանքով, որ տնտեսական աճի կառուցվածքը սխալ է, ինչպես փաստում են բավականին
հայտնի տնտեսագետներ ու ոլորտային մասնագետներ։ Ըստ էության՝ ՀՀ տնտեսությունն աճում
է ոլորտների հաշվին, որոնց ազդեցությունը հավելյալ արդյունքի ստեղծման վրա շատ թույլ
է։ Մասնավորապես, աճում են ծառայություններն ու առևտուրը և այս երկու դեպքում էլ աճերը
կապված են արտաքին գործոնների հետ։ Բանն այն է, որ վերջին շրջանում ավելացել են մարդկային
ու կապիտալի հոսքերը, որոնք ներքին շուկայում լրացուցիչ պահանջարկ են առաջացրել։ Այ
հենց այդ պահանջարկն էլ հանգեցրել է հիշյալ ոլորտների բարձր աճերին։ Արձանագրենք․ այս ամենը Հայաստանի
շարքային քաղաքացիների սոցիալական վիճակի հետ գրեթե ոչ մի կապ չունի, ինչը երևում է
նաև մանրածախ առևտրի ցուցանիշներում։
Ըստ էության,
չնայած դրսից թելադրված լրացուցիչ բավական մեծ պահանջարկին, մանրածախ առևտրի ոլորտում
աճը շատ համեստ է, տատանվում է հազիվ 2-2,5 տոկոսի սահմաններում, ինչը հիմնականում
բարձր գնաճի հաշվին է։ Մյուս կողմից՝ մեծածախ առևտուրն է ավելի բարձր տեմպերով աճում,
բայց դա էլ ռուսական շուկայում ստեղծված իրավիճակի հետևանք է։ Ի դեպ՝ հենց դրանով է
պայմանավորված նաև մեր արտաքին առևտրի ցուցանիշների կտրուկ ակտիվացումը․ նշենք,
որ նախորդ տարվա համեմատ ներմուծումների 50-60 տոկոսանոց աճ ունենք։
Հավելենք նաև,
որ արտաքին գործոնների արդյունքում ներքին ու արտաքին առևտրի հսկայական աճեր են գրանցվում,
դրանք իրենց ազդեցությունն են ունենում տնտեսական աճի ցուցանիշների վրա, որոնց սոցիալական
ազդեցությունը շատ թույլ է։
Շատերս ենք հիշում,
թե ինչպես էր ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե տնտեսական աճի արդյունքները
պետք է համաչափ բաշխվեն հասարակության տարբեր շերտերի միջև․ խաբկանք էր։ Իրականությունն
այն է, որ տնտեսության արդյունքներն այսօր էլ վայելում են հարուստները, իսկ աղքատները
զրկված են դրանից։ Ասեմ ավելին, ըստ էության՝ կառավարություն կոչվածը չի կատարում տնտեսության
արդյունքները վերաբաշխելու իր գործառույթը, որի պատճառով, որ մեր երկրում սոցիալական
բևեռացումը վերջին տարիներին ոչ միայն չի թուլացել, այլև խորացել է. ավելացել են աղքատները,
տեղի է ունեցել աղքատության սրացում։ Արձանագրենք, որ 2022-ի միտումն առավել ևս բացասական
է՝ չնայած արձանագրվող բարձր տնտեսական աճին։
Անվիճելի է այն
իրողությոնը, որ այսօր մեր հանրության կեսից ավելին ունեն աղքատության գծից ցածր եկամուտներ
և որքան էլ իշխանություններ ջանում են ցույց տալ, որ աշխատավարձերը, տնտեսական աճին
համաչափ, բարձրանում են, այդպես է միայն առաջին հայացքից։
Վերջում հավելենք,
որ նույն 8 ամիսների տվյալների համաձայն՝ Հայաստանում միջին աշխատավարձի երկնիշ բարձրացում
է գրանցել պաշտոնական վիճակագրությունը (այն հասնում է 12,9 տոկոսի)։ Ըստ էության՝
առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե վատ արդյունք չէ, բայց, երբ խորանում ենք աճի կառուցվածքի
մեջ, տեսնում ենք, որ դա եղել է տնտեսության սահմանափակ ոլորտների հաշվին, որտեղ զբաղվածների
քանակը մեծ տոկոս չի կազմում ընդհանուրի մեջ։ Շատ ոլորտներում աշխատավարձերը գուցե
և որոշ չափով ավելացել են, բայց անհամեմատ ավելի քիչ, քան արձանագրված գնաճն է։
Արմեն Հովասափյան









