«Ես Հայաստանի վարչապետին խնդրեցի տրամադրել ավտոմեքենաների տեղափոխման հնարավորությունը, սակայն իմ խնդրանքը մնաց անպատասխան։ Բոլորը գիտեն, թե որտեղից պետք է անցնեն ճանապարհն ու երկաթուղին։ Անհասկանալի է, որ նրանք կամովին չեն ուզում մեզ ճանապարհ տալ Նախիջևան հասնելու համար։ Պարտավորությունների խախտումն անամոթ փաստ է: Բայց մենք առայժմ համբերատար ենք։ Վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք, և ավելի լավ է, որ այս կարևորը շուտ իրականացվի, քան ուշ»։
Ալիևի երեկվա խոսքերի թարգմանությունը Փակագիծ
վերլուծական հարթակինն է:
Հատուկ ցանկանում եմ ընդգծել հետևյալ
միտքը. «նրանք կամովին չեն ուզում մեզ ճանապարհ տալ Նախիջևան հասնելու համար»:
Այսինքն Նիկոլի բոլոր զիջումներն առոչինչ են Ալիևի համար, նա շարունակում է
համառորեն միջանցք պահանջել և, եթե դրան չհասնի Նիկոլի համաձայնությամբ, ապա կանի
այլ ճանապարհով՝ նաև պատերազմով: Այսօր դա կոնկրետ Սյունիքի համար չի անում,
որովհետև տարածաշրջանային մի քանի գործոն դեռ խանգարում կամ ընդդիմանում են դրան: Մեծ
պատերազմի բացակայությունը ոչ թե Նիկոլի «խաղաղության օրակարգի» շրջանակներում է,
այլ՝ նրանից ու մեզանից անկախ կենտրոնների: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը
խաղադադար է վերցնելու: Սահմանային ագրեսիաներն ու սողացող ռազմական
գործողությունները շարունակելու է, գերիներին պահելու է և դեռ նորերին է գերելու,
միջնորդավորված տնտեսական դիվերսիաներ է անելու և այլն: Այս իրավիճակում Ադրբեջանը
այնքան է սեղմելու Հայաստանի վզին դրած օղակը, մինչև Նիիկոլը Սևանն ու Երևանը «փրկելու»
համար միջանցք՝ այսինքն Սյունիքը, զիջի: Այս պահին Ադրբեջանի միակ հույսը Նիկոլի
անձնուրաց կախվածությունն է իր պաշտոնից և այն ստորաքարշությունը, որ, իր
ֆիզիկական և քաղաքական գոյությունը պահպանելու համար, անթաքույց ցուցաբերում է Ալիևի
ու Էրդողանի առաջ:
Այս կախարդական շրջանակը ճեղքելու միակ թույլ
օղակը ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է: Ո՛չ նա կամովին դա չի անի, նրան պարտադրել է պետք,
և, եթե ներսում կարծում են, որ դա դրսից է արվելու, մեղմ ասած՝ մոլորություն է: Մի
օր, երբ տարածաշրջանային հետաքրքրություն ունեցողներն իրենց համար կլուծեն այս
իրավիճակից ծագած անհարմարությունները, համակերպվելու են Նիկոլի դավադրության ու
դավաճանության հետ: Իսկ մենք, ում զավակներն ամեն օր զոհվում են սահմանին, ում
հարազատները սպանվում են գերության մեջ, ում պապական տունն ու գյուղը
ադրբեջանցիներն են վերահսկում, ի՞նչ ենք պատրաստ անել:
Մի համամետեք մեզ և ադրբեջանցիներին, թե
մի օր էլ մենք ոտքի կկանգնենք ու ետ կբերենք Նիկոլի վաճառածը: 94-ին
Տեր-Պետրոսյանը նրանց այդ հնարավորությունը տվեց, իսկ Ալիևը դա չի անելու: Ոչ թե այն
պատճառով, որ ինքն ուժեղ է, այլ, որ մեր բանակցողն է դավաճան, որովհետև Ալիևը բաց
չի թողի այս պատմական հնարավորությունը: Իսկ որ Սյունիքից հետո հերթը Սևանին ու Երևանին էլ է հասնելու, չկասկածեք: Լուծումը մեկն է՝ Ալիևին պետք է զրկել Նիկոլից և դա Երևանում
պետք է արվի:









