Չեխիայի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում.
«Պրահայում ես կրկին հաստատեցի մեր առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց։
Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:









