Foto

Պետական և սեփական շահերի ողբերգական ալգորիթմը


ՀՀ-ն ապրում է իր նորագույն պատմության դաժանագույն շրջաններից մեկը՝ եթե ոչ ամենաողբերգականը։ Ցավոք, այդ փաստը քչերին է հետաքրքրում, քանի որ օրվա իշխանությունները երկրի ներսում ստեղծել են այնպիսի իներտ միջավայր ու մի յուրատեսակ վակում, որ ցանկացած կայծի փորձ տեղում հանգչում է։ Արտաքին մարտահրավերներից և ադրբեջանական ագրեսիայից զատ, խառնիճաղանջ է նաև ներքաղաքական ընդհանուր միջավայրը. ամենուր համատարած լեթարգիական քնախտ է։
Վերջին չորսուկես տարիների ընթացքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարում է «մեկ պատուհանի» սկզբունքով, որի իմաստն այն է, որ բավարարում է արտաքին բոլոր խաղացողների պահանջները։ Իհարկե, տարբեր խորությամբ, տարբեր հաճախակիությամբ, բայց բավարարում է։ Նա գործնականում տալիս է այն, ինչ իրենից պահանջում են։ Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ նա, դիմադրելով կամ ոչ, այլոց տալիս է իրեն չպատկանողը՝ Արցախը, ՀՀ սուվերեն տարածքները, ինքնիշխանությունը, ճանապարհները և այդպես շարունակ։

Ըստ էության, պատրաստակամորեն հանձնելով պետությունից ու հասարակությունից՝ Փաշինյանը գերնախանձախնդիր է հատկապես ու առանձնապես սեփական իշխանության պահպանման հարցում։  Հանձնելու նրա պատրաստակամությունը հակադարձ համեմատական  է գտնվում սեփական իշխանության պահպանման խնդրի հետ, այսինքն՝ գոնե ըստ իրեն, որքան ավելի շատ է հանձնում, այնքան ավելի ամուր է դարձնում իր իշխանությունը։

Եթե փորձենք տալ Նիկոլի քաղաքական բանաձևը, ապա այն կլինի մոտավորապես հետևյալը՝ «հանձնել Հայաստանը՝ իշխանությունը պահպանելու համար»։ Փաստացի հենց սա է այն ալգորիթմը, որով գործում է նա։ Առաջնորդվելով այսրոպեական, իրավիճակային սկզբունքով, առանձնապես չի մտահոգվում, որ ինչ-որ պահի իր իշխանությունը դառնալու է անիմաստ՝ իշխանության օբյեկտի բացակայության պատճառով։

Այսօր Հայաստանում գոյություն ունեցող գոյաբանական ճգնաժամն ունի բազմաթիվ լուծումներ, որոնք տարբեր են իրենց ծագման աղբյուրներով ու շահառուների ցանկով։ Կան ադրբեջանական, թուրքական, ռուսական, արևմտյան, իրանական և այլ լուծումներ, որոնցից յուրաքանչյուրը Նիկոլը կարող է նախընտրել՝ կախված իրավիճակից և հանգամանքներից։ Այստեղ ամենաողբերգականն այն է, որ բոլոր թվարկված և չնշված լուծումների շարքում բացակայում է հայկական լուծումը, իրավիճակից այնպիսի ելքը, որը բավարարում է Հայաստանի ու հայ հասարակության շահերը։ Ըստ էության, ՀՀ սուվերենության ու տարածքային անվտանգության խնդիրը դրված է սեղանին, այն հատվածական կիսվում է ու ջլատվում, սակայն առկա իրավիճակի ոչ մի լուծում չի բխում հայկական շահերից։

Ստեղծված իրավիճակի բովանդակային պատճառն այն է, որ բացակայությունը կապված է ոչ միայն օբյեկտիվ՝ աշխարհաքաղաքական պատճառներով, այլ նաև՝ որովհետև հայկական շահերով առաջնորդվող ու հայկական լուծում որոնող սուբյեկտ գործնականում չկա։ Ավելին, որովհետև հանուն իշխանության ամեն ինչ հանձնելու ալգորիթմը, որն ընկած է Փաշինյանի իշխանության հիմքում, օբյեկտիվորեն հակամետ է հայկական շահերին։ Նա՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում, պաշտպանում է ոչ թե հայկական՝ պետական, այլ սեփական՝ իշխանական շահը այն դեպքում, երբ վերջինս հնարավոր է բավարարել միայն առաջինի հաշվին։

Փակուղի, որի յուրաքանչյուր քայլը հանգեցնում է պարտության ու անդառնալի կորստի, այլ բառերով ասած՝ դասական պատային իրադրության։ Ըստ էության, գոյաբանական ճգնաժամը, որում գտնվում է հայկական պետությունն ու հասարակությունը, պահանջում է նախ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու հայկական լուծում և այդ լուծումն իրականացնելու պատրաստ առաջնորդություն՝ իշխանություն, անհատ, քաղաքական-քաղաքացիական խմբեր։ Իրավիճակից ելքի հայկական լուծման շրջանակներում անհրաժեշտաբար պետք է տեղ ունենա Նիկոլի անվտանգության երաշխիքների հարցը, որը նա մինչև այս պահը փնտրում է օտարածին բոլոր լուծումներում՝ հասկանալով կամ ոչ, որ դրանք այնքան անիրական են, որքան պատերազմով ուղեկցվող իր սեփական «խաղաղության օրակարգը»։

Արմեն Հովասափյան