Մինչ Հայաստանի և Արցախի
նախկին ղեկավարները և Վեհափառ հայրապետը փորձում են ելքի ճանապարհ գտնել Հայաստանի
շուրջ ստեղծված օրհասական իրավիճակից, երկիրն արնաքամ է լինում Ադրբեջանի պերմանենտ
հարձակումներից, ալամ աշխարհի «ամենաժողովրդավար» ղեկավար Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում
է Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ Երեկվա Հ1–ին տված հարցազրույցի ընթացքում
նա այնպես հմտորեն ներկայացրեց Արցախի հարցում Ադրբեջանի «իրավացիությունը», որ Ալիև
ավագը գերեզմանում շուռ եկավ։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանն անշուն գյուղ է մտել և առանց
փայտ է ման գալիս։ Ակնհայտ է, որ լայն ասուլիս տալը հիմա շահեկան չէ նրա համար, որովհետև
կարող են հակընդդեմ հարցեր լինել, որոնք կստիպեին կա՛մ ստերը փոքրացնել, կա՛մ ինքնահերքումներ
անել։ Իսկ ահա Հանրայինի միամիտ աղջնակը հեզորեն կարդում է իրեն հրամցված հարցաշարը
և Նիկոլի բերանից հորդում է կեղծիքն ու մանիպուլյացիան։
Անպատժելիության զգացումը
Փաշինյանին և մեզ հասցրեց նրան, որ արդեն բացահայտ նսեմացվում է Հայաստանի անկախության
հռչակագիրը և Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Ինքը՝ նիկոլ Փաշինյանը,
գերեզմանաքար դնելով նախորդ տասնամյակների դիվանագիտական պաշարի ու պայքարի վրա, սեփական
կետից բանակցություններ սկսելով և դրանք պատերազմի վերածելով՝ ոչ միայն հարցականի տակ
է դրել Արցախի և արցախահայության գոյությունը, այլև պարտադրված է զիջումներ կատարել
Հայաստանի ինքնիշխան տարածքի, հայ–թուրքական հարաբերությունների հաշվին։
«Խոսող գուխ» ձևաչափը
դրանք սեփական տեսանկյունից արդարացնելու ամենակատարյալ տարբերակն է, որովհետև դիմացի
աղջնակը հաստատաբար չի հարցնի, որ եթե նախկին ղեկավարները «թաղել են» Արցախի հարցը,
ինչո՞ւ էր տասը տարի շարունակ լռում Լևոն Տեր–Պետրոսյանը, եթե նախկին ղեկավարները ձախողել
էին ամեն ինչ, ընդհուպ մինչև Հայաստանի անկախությունն ու Արցախի հանրաքվեն, ինչպե՞ս
պատահեց, որ Ալիևին կուլիսների ետևում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Այս
բովանդակությամբ հարցերը շատ են, բայց Նիկոլ Փաշինյանը դրանք անտեսում է, որովհետև
իր խնդիրը ոչ թե Հայաստանին ու Արցախին խաղաղություն բերելն է, այլ թուրք–ադրբեջանական
զույգի առաջ իր ստանձնած կզողական պարտավորությունները շուտափույթ կատարելը։ Միակ բանը,
որ նրան հիմա չի հաջողվում, դա «խաղաղության պայմանագիրը» ստորագրելն է, բայց ոչ թե
այն պատճառով, որ ընդդիմությունը թույլ չի
տալիս (նա թքած ունի բոլորի կարծիքի վրա), այլ այն, որ Ալիևն այլևս չի ցանկանում խաղաղություն
հաստատել նախկին պայմաններով և արդեն Սևանն ու Երևանն է պահանջում։ Իրականում՝ իր կյանքն
ու իշխանությունը փրկելու համար, նա պատրաստ է դրանք էլ զիջել, բայց արդեն տարածաշրջանի
խոշոր խաղացողները դա թույլ չեն տալիս։
Նիկոլի հարցազրույցն
ուղղակի քարոզչական թմրադեղ է իր լսարանին, որպեսզի ժամանակ ձգի, որպեսզի մի կերպ հարմարեցնի
պլստալ արտաքին մամլիչի թաթերից, որոնք սեղմում են կոկորդը։ Նա ոչ մի հումանիտար միջանցքի կարիք չունի, որովհետև այդ
միջանցքով գնալու տեղ չունի։ Հիմա նա իր ամեն
օրն ապրում է՝ ինչպես վերջինը, բայց դա միայն իր պրոբլեմը չէ, որովհետև նրա գոյության
ռեսուրսը մեր զավակների արյունն ու մեր երկրի սահմաններն են։









