Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կան տեղեկություններ, որ փորձ է արվել պայթեցնել սևծովյան «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Խոսքը Սև ծովի հատակով անցնող մեր գազային համակարգերի՝ այսպես կոչված «Թուրքական հոսքի» և «Կապույտ հոսքի» հնարավոր պայթեցման մասին է։ Ոչ մի կերպ չեն կարողանում հանդարտվել», – ասել է Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության խորհրդի նիստում։
«Նրանք չգիտեն, թե ինչ անեն, որպեսզի խաթարեն այս խաղաղության գործընթացը, որում փորձ է արվում կարգավորման հասնել դիվանագիտական միջոցներով։ Նրանք անում են ամեն բան, որպեսզի ինչ-որ սադրանք կատարեն և խաթարեն այն ամենը, ինչը, զգուշորեն կասեմ, ձեռք է բերվել այս բանակցություններում», – նշել է նա։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ հակառակորդները չեն կարողացել ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին։
«Դա պարզապես չի հաջողվում, բայց նրանք շատ են ցանկանում…. անպայման հաղթել Ռուսաստանին, և նրանք փնտրում են ցանկացած ճանապարհ…. Նրանք իրենց կհասցնեն ինչ-որ ծայրահեղության, իսկ հետո կզղջան դրա համար», – ասել է Ռուսաստանի նախագահը։









