Foto

Հայաստան-Հունաստան մշակութային փոխազդեցությունների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Փետրվարի 24-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Ազգային հնագիտական թանգարանի տնօրեն, դոկտոր Կոստաս Նիկոլենցոսի և թանգարանի ցուցադրությունների, հաղորդակցության և կրթության տնօրինության ղեկավար, դոկտոր Էվանգելոս Վիվլիոդետիսի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ միջթանգարանային համագործակցության հարցեր։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև թանգարանային ոլորտում ընթացող մի շարք համագործակցային ծրագրերի մասին, ինչպես նաև ներկայացրել դեսպանության նախաձեռնությունները Հունաստանի մի շարք մշակութային հաստատություններում։

Քննարկվել է 2025 թ. ամռանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի Հունաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացը, այդ թվում և Ազգային հնագիտական թանգարանի հետ։

Անդրադարձ է կատարվել ոչ միայն փոխադարձ ցուցադրությունների կազմակերպմանը, այլ նաև համագործակցությանը հետազոտական աշխատանքների, թանգարանային իրերի պահպանման, վերանորոգման, արխիվային աշխատանքների, լաբորատոր փորձի փոխանակման, կրթական ծրագրերի և այլն ուղղություններով։

Կողմերը շոշափեցին հարցերի լայն շրջանակ Հայաստան-Հունաստան պատմական ընդհանրությունների, միջքաղաքակրթական շփումների, անտիկ ժամանակաշրջանից մինչև մեր օրեր մշակութային փոխազդեցությունների վերաբերյալ։