Գաղտնիք չէ, որ
վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իրանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական
ջանքեր ծավալելու մի քանի կոնկրետ առաջարկներով է հանդես գալիս: Օրերս Նյու Յորքում
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել էր Ջեյհուն Բայրամովի
հետ և խոսել հարավկովկասյան տարածաշրջանում փոփոխությունների մասին որոշ տեղեկությունների
և ապացույցների մասին՝ վերահաստատելով Իրանի հստակ դիրքորոշումը՝ բացահայտ և վճռական
ընդդիմանալով տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխության։
Կարևոր է հատկապես
այն արձանագրումը, որ Աբդոլլահիանը նաև հավելել էր, որ Իրանը պատրաստ է խորհրդակցություններ
անցկացնել Ադրբեջանի և ՀՀ պաշտոնյաների հետ՝ օգնելու նրանց՝ որպես հակամարտող կողմերի՝
լուծելու իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։ Ավելին, Ադրբեջանում Իրանի դեսպան
Սեյեդ Աբաս Մուսավին էլ ասել էր, որ Թեհրանը պատրաստ է Բաքվի և Երևանի երկխոսության
հարթակ դառնալ։ «Իրանը պատրաստ է օգնել իր հյուսիսային
հարևաններին՝ Ադրբեջանին և Հայաստանին՝ հասնելու կայուն խաղաղության Թեհրանում՝ երկկողմ
և եռակողմ հանդիպումների և 3+3 տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում»,-
ասել է դեսպանը։
Ըստ պաշտոնական
հաղորդագրության՝ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններում վերջին իրադարձությունները,
իրավիճակը Կովկասում և տարածաշրջանի հետ կապված Իրանի սկզբունքային դիրքորոշումը։ Դեսպանը
հաստատել է Իրանի դիրքորոշումը միջազգային սահմաններն անփոփոխ մնալու հարցում և հայտարարել,
որ «որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն չպետք է լինի, ինչն անհամատեղելի կլինի տարածաշրջանում
Իրանի կենսական կարևոր և երկարաժամկետ շահերի հետ»։
Ըստ էության, տեղի ունեցած
գործընթացում հատկանշական և ուշագրավ է այն, թե ինչպես են արձագանքելու Թեհրանի այս
առաջարկին Երևանն ու Բաքուն: Բաքուն չի թաքցնում, որ ամենևին ոգևորված չէ Իրանի ակտիվությունից
ռեգիոնում և հատկապես հայ-իրանական սահմանի անփոփոխության վերաբերյալ Իրանից ամենօրյա
ռեժիմով հնչող գնահատականները մեդիաիրարանցում են առաջացնում Ադրբեջանում, որի հետևանքով
ավանդական հակաիրանական տրամադրություններն Ադրբեջանում խորացել են: Ինչ վերաբերում
է Երևանին, ապա հատկապես Սյունիքի շուրջ ներկայումս առկա անվտանգային իրավիճակի կարգավորման
գործընթացում Թեհրանի ներգրավումը կենսական նշանակության հարց է հատկապես ՀՀ համար,
որի վերջին օրերի ինտենսիվ արևմտյան ռևերանսները կարող են խափանել Թեհրանի նախաձեռնությունները:
Ամփոփելով արձանագրենք,
որ Իրանի «ծառայություններից» հրաժարվելը բարդ է լինելու թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի համար,
քանի որ Իրանը Հարավային Կովկասում փորձում է «վերադառնալ» իր պատմական ազդեցությանը:
Սա շատ կարևոր նյուանս է հատկապես այն ֆոնին, թե ներկայումս ինչպիսի աշխարհաքաղաքական
տուրբուլենտ զոնա է դարձել Հարավային Կովկասը, և յուրաքանչյուր
չհաշվարկած ու անհեռատես դիրքորոշումը հնարավոր է ունենա անդառնալի հետևանքներ։
Արմեն Հովասափյան









