Foto

Ինքնասիրահարված քամահրանք

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 12-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայից հետո ՀՀ իշխանությունները դիմեցին ՀԱՊԿ-ին՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, պայմանագրի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի դեմ ագրեսիայի պայմաններում ռազմաքաղաքական աջակցություն ստանալու խնդրանքով։ Ինչպես և կանխատեսելի էր՝ ՀԱՊԿ-ն արձագանքեց ուշացումով և ոչ առարկայորեն, սոսկ ընդհանուր բնույթի հայտարարությամբ, ինչն արդարացիորեն հարուցեց նաև հայ հասարակության զայրույթը, ակտիվորեն սկսեցին այդ կառույցին ՀՀ հետագա  անդամակցության նպատակահարմարության մասին քննարկումները, «դո՛ւրս ՀԱՊԿ-ից» կարգախոսը լայնորեն տարածվեց ու տարածվում է երկրում։

Տեղի ունեցած դեկլարատիվ հայտարարություններից հետո՝ ՀԱՊԿ-ն, այդուհանդերձ երկու առաքելություն ուղարկեց Հայաստան, առաջինը՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, իսկ երկրորդը ղեկավարում էր արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ըստ էության, եթե ՀԱՊԿ-ի առաջին պատվիրակությունը Հայաստանում ընդունվեց հարաբերականորեն համարժեք մակարդակով, ապա Զասի գլխավորած առաքելությունն ակնհայտորեն արժանացավ ցուցադրական քաղաքական դեմարշի (ինչպես հայտնի է՝ Փաշինյանն այդպես էլ չընդունեց Զասի գլխավորած պատվիրակությանը)։ Ընդ որում, այդ դեմարշի ցուցադրական բնույթն ընդգծվեց այն հանգամանքով, ինչն այս պարագայում շատ կարևոր է, որ Փաշինյանը Զասի՝ Երևան ժամանելուց հետո առնվազն մեկուկես օր գտնվում էր Հայաստանում, սակայն այդպես էլ չընդունեց նրան։

Նշենք, որ Զասի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել սեպտեմբերի 20-ին, մինչդեռ Փաշինյանը Նյու Յորք էր մեկնել միայն սեպտեմբերի 21-ի օրվա երկրորդ կեսին։ Ավելին, հենց սեպտեմբերի 20-ին, թերևս, նույն դեմարշն ընդգծելու նպատակով Նիկոլը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, որոնք, չնչին բացառություններով, ընդհանուր առմամբ հակառուսական ուժեր են, իսկ այդ օրերին զբաղված էին Երևանում ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով ակցիաներ կազմակերպելով։ Ստացվում է հետևյալ պատկերը. փաստացի Փաշինյանը՝ գտնվել է Երևանում, ցուցադրաբար չի ընդունում Զասին և ընդունում է ակնհայտորեն հակառուսական և ՀԱՊԿ-ի դեմ քաղաքական ուժերի ղեկավարներ կոչվածներին՝ այդ կերպ ցույց տալով այդ կառույցի նկատմամբ իր վերաբերմունքը։

Հատկանշական է, որ, ըստ էության, խնդիրն ամենևին ՀԱՊԿ-ին արդարացնելը չէ, ինչով անհուսորեն զբաղված են Հայաստանում ռուսական շրջանակները՝ այդպիսով ավելի խորացնելով այդ կառույցում ու դրա շուրջ առկա համակարգային խնդիրները։ Միանշանակ է, որ ՀԱՊԿ-ում կան լրջագույն խնդիրներ, այդ թվում ու առաջին հերթին՝ հենց Հայաստանի հանդեպ այդ կառույցի պարտավորությունների հետ կապված։ Այդ խնդիրների մի մասը պայմանավորված է օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողություններով, այդ կառույցում ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի դաշնակիցների անդամակցությամբ։ Բայց կան, իհարկե, նաև սուբյեկտիվ գործոններ, ինչպես, օրինակ՝ ՀՀ իշխանության վերաբերմունքը ՀԱՊԿ-ին ու դրա ղեկավարությանը։

Կարևոր է արձանագրել, որ եթե Նիկոլ Փաշինյանի նպատակը լիներ ՀԱՊԿ-ի բոլոր թերությունները հաշվի առնելով, այդուհանդերձ այդ կառույցի իրական կարողությունները Հայաստանի շահերին ծառայեցնելը, ապա նա պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպեր Զասին, այդ հանդիպման ընթացքում ոչ թե սովորության համաձայն քծներ ռուսական արտաքինով բոլոր մասնակիցներին, այլ ներկայացներ բոլոր իրական խնդիրները,  Հայաստանի իրավունքներն ու պահանջները և փորձեր հասնել դրանց իրականացմանը՝ այն չափով, որ չափով, որ թույլ կտային աշխարհաքաղաքական իրողությունները։ Դրա փոխարեն մենք տեսնում ենք, թե ինչպես Նիկոլը հրապարակային դեմարշով Զասին ուղարկեց զինվորականների հետ հանդիպման։ Այդ դեմարշի արդյունքում նա արժանացավ բազմաթիվ հակառուսների ֆեյսբուքյան լայքերի, վիրտուալ հայրենասերների հորթային հրճվանքի, փոխարենը՝ խորացնելով ՀԱՊԿ-ի/Ռուսաստանի հետ հարաբերություններում նաև իր մեղքով առաջացած ճգնաժամը։

Ամփոփելով հերթական անգամ նշենք, որ քաղաքականությունն ընդհանրապես, աշխարհաքաղաքականությունը՝ հատկապես ու մասնավորապես, լրջագույն աշխատանք է, որը, ի տարբերություն պոպուլիզմի, պահանջում է ոչ թե էպատաժային գործողություններ, այլ մտավոր կարողություններ։ Բայց դա չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին, քանի որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը նա կառավարում է ֆեյսբուքյան լայքերի և յութուբյան դիտումների պրիզմայով։

Արմեն Հովասափյան