Foto

Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Հայաստանի բանկերը վերջին տարիներին շարունակում են մեծ շահույթներ գրանցել։ 2024թ. 18 առևտրային բանկերի տարեկան շահույթը կազմել է 363 մլրդ դրամ՝ շուրջ 61% աճ 2023թ․-ի համեմատ։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ 2025 թվականին նախորդ տարվա համեմատ բանկերի շահույթն ավելացել է 20%-ով։

Միտումը նկատելի է հատկապես 2022 թվականից, երբ համակարգի շահույթը նախկին 90 մլրդ դրամից բարձրացավ մինչև 250-ի, իսկ 2024-2025թթ․ գրանցվեցին ավելի բարձր ցուցանիշներ։ Աճել է ակտիվների, վարկերի ծավալը։ Ավելացել են նաև ավանդները։ «Ազատություն»-ը նկատում է, որ հինգ տարվա ընթացքում հայաստանյան 5 ամենախոշոր բանկերը միասին հարկերը վճարելուց հետո շուրջ 2.6 միլիարդ դոլարի շահույթ են ունեցել. սա 60 տոկոսով ավելի շատ է, քան այս տարի կառավարությունը հատկացնելու է Հայաստանի հարյուր հազարավոր կենսաթոշակառուներին վճարելու համար: Մասնագետներն ահազանգում են, որ բանկային համակարգի եկամուտների զգալի աճի միտումը կարող է նպաստել սակագների բարձրացմանը, ինչն էլ անդրադառնալու է մեր քաղաքացիների կյանքի որակի վրա։

Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացին օրուգիշեր աշխատում է վարկային պարտականությունը կատարելու համար, իսկ բանկերը ստանում են գերշահույթներ։ Խնդիրը պետք է լինի Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում։ Ոչ մրցակցային պայմանները, բարձր տոկոսադրույքները ենթակա են վերանայման։ Այլապես, տեղական բանկերը շարունակելու են միլիարդավոր դոլարներ աշխատել՝ մեր հայրենակիցներին բարձր տոկոսադրույքներ առաջարկելու պայմաններում»։