Foto

«Խաղաղության համաձայնագիրը» տեմպով տիրաժավորում են

Օրերս հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 27-ին Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»: Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է նաև հետագա բռնություններից խուսափելու և ժամանակին և կենտրոնացված բանակցություններ վարելու կարևորությունը:

Ընդգծենք նաև, որ Գրիգորյանը և Հաջիևն այս տարի երեք անգամ հանդիպել են Բրյուսելում՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ: Ավելի վաղ Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ կայացել էր Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում: Ի դեպ՝ տեղեկությունների համաձայն՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպումը պլանավորված է եղել նախապես և տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով առանձնազրույցից հետո։

Ըստ էության, այս հանդիպումը պետք է գնահատել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արևմտյան ջանքերի շրջանակում: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն հետևողականություն է ցուցաբերում և բաց չի թողնում բանակցային գործընթացը, ինչը բնորոշ է սովորաբար ամերիկյան քաղաքականությանը Հվ. Կովկասում:

Այս կտրվածքով պետք է փաստենք, որ ակնհայտորեն խնդիրներ են առաջացել Բրյուսելի նախաձեռնած գործընթացի ճանապարհին. Վաշինգտոնը փորձում է շարունակել աշխատանքը նույն ձևաչափերով, համակարգելով աշխատանքը Բրյուսելի հետ, սակայն հանգամանքը, որ Միշելի նախաձեռնությամբ գործընթացում նման ռազմական բախում տեղի ունեցավ, բարդացրել է բարձրաստիճան գործընթացի շարունակությունը Բրյուսելում: Սա իր հերթին խոսում է այն մասին, որ կարծես ժամանակավոր անորոշության է մատնվում ԵՄ մայրաքաղաքում սկսված գործընթացը, որը պետք է սկիզբ դներ, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» աշխատանքներին:

Միանշանակ է, որ ներկայումս արդեն բարդ է ասել, թե ինչպիսի ընթացք կունենա այս բանակցային գործընթացն ու վերոնշյալ օրակարգը: Բարդ է պատկերացնել, որ ԱՄՆ-ը շարունակելու է զբաղվել այս ինտենսիվությամբ, բայց նաև դադարը և ԱՄՆ ներգրավվածության թուլացումը մեր ողջ տարածաշրջանի համար լի է ռիսկերով և վտանգներով, քանի որ դա կարող է հանգեցնել նոր բախումների: Սրա հետ մեկտեղ՝ որոշակի խաղադրույքներ արվելու են նաև Պրահայում առաջիկայում հնարավոր Փաշինյան-Էրդողան հանդիպման վրա. խոսքն այն մասին է, թե ինչ հաղորդակցություն կձևավորվի կողմերի միջև, և դա ինչ ազդեցություն կարող է ունենալ ողջ տարածաշրջանի վրա:

Տեղի ունեցող զարգացումները վկայում են այն մասին, որ Երևանն իր ակնկալիքներն ունի, Անկարան ու Բաքուն՝ իրենց, Արևմուտքը՝ իր, սակայն, թե որ կողմի ակնկալիքներն իրականում կբավարարվեն, հասկանալի կլինի հանդիպումից հետո: Դրանից բացի փաստենք նաև, որ պահի ազդեցության տակ կազմակերպված հանդիպումները հենց իրավիճակային խնդիրներ են լուծում, այլ ոչ թե համակարգային, քանի որ ամերիկյան կողմը դեռ ներգրավված չէ բուն բանակցություններում, ի դեպ՝ հենց բուն բանակցություններն են կազմում հիմնական առանցքը: Ըստ էության, դեռևս հասկանալի չէ նաև, թե դրանք ինչպես են շարունակվելու: Կարող ենք նշել, որ այս պահին ԱՄՆ-ը այդ ամենն իրականացնում է տարածաշրջանում հաստատվելու, սեփական դիրքերն ամրապնդելու, հետագայում Բրյուսելի հետ հավասարազոր պայմաններով բանակցային երկու կողմերի հետ աշխատելու «իրավունքը» ստանալու նպատակով:

Ամփոփելով հավելենք նաև, որ շատ կարևոր է, որ շփումները շարունակվեն, որպեսզի նոր էսկալացիա չլինի, որից հետո կարևոր է նաև բանակցությունների վերականգնումը: Պետք է գնահատել, որ ամերիկյան կողմի միջամտություններն ամենաբարձր մակարդակով են, որը նաև ցույց է տալիս ռեգիոնի կարևորությունը ու ԱՄՆ կամքը շարունակելու այս գոտում։

Արմեն Հովասափյան