Նենսի Փելոսիի Հայաստան այցի բաց թողնված կետերի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել քաղաքագետ Գարեգին Պետրոսյանին։
-
Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ շեշտադրումներ արեց Փելոսին և ի՞նչի մասին խոսելուց խուսափեց։
-
Կար մի քանի շերտ։ Առաջինը՝ այցն ու խոսքի բովանդակությունն ավելի շատ հասցեագրված էր ամերիկահայ լսարանին՝ առաջիկա ընտրություններով պայմանավորված։ Ցեղասպանության մասին հիշատակումը կատարելուց արձանագրում էր, որ ավելի շատ հանդես էր գալիս ամերիկահայ համայնքի դիրքերից՝ ասելով օսմանյան կայսրությունից տուժած ամերիկահայերի ժառանգներ և այլն։ Երկրորդը՝ կապված էր աշխարհաքաղաքական վերադասվորումների հետ։ Իմ կարծիքով խոսքն ուղիղ հասցեգրված էր, ոչ թե Ռուսաստանին կամ Իրանին, այլ՝ Թուրքիային։ Ցանկանում էր Թուրքիային պոկել Ռուսաստանից և տեղափոխել հակառուսական պատժամիջոցների դաշտ, որը երկար ժամանակ չի կարողանում անել։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ անդամ երկիր, արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույնություն է դրսևորում, ինչը չի բխում ԱՄՆ-ի շահերից։ Ակնարկ կար ուղղված նաև Իրանին, ավելի շատ նրան զսպելու՝ հնարավոր միջանցքի առկայության դեպքում։ Ինչ-որ առումով էլ բորբոքեց նաև հակառուսական կրակը։
-
Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի արձանգանքն ի դեմս Պեսկովի։
-
Պեսկովն արդարդարձավ դիվանագիտորեն, ինչպես նաև զսպվածություն ցուցաբերեց Փելոսին։ Նույնիսկ կարևորեցին ՀՀ աշխարհագրական դիրքը և ՀԱՊԿ-ում գտնվելը, ընդգծվեց նաև տարածաշրջանում ՌԴ-ի դերը՝ հիմնախնդիրների լուծման հարցում։ Պեսկովի պատասխանում փոխադարձ զսպվածություն կար։
-
ՀՀ իշխանությունը համոզված է, որ Արցախի հարցը դեռ լուծված չէ և պետք է լուծում ստանա Մինսի խմբի շրջանակներում, սակայն այդ մասին չխոսվեց, ինչո՞ւ։ Հատկապես այն դեպքում, երբ 2014թ Ուկրանիայի դեպքերից հետո այն միակ հարթակն էր, որ միավորում էր Ռուսաստանին և Արևմուտքին։
-
Մինսի խմբի ձևաչափով այսօր շահագրգիռ է միայն Հայաստանը։ Աշխարհաքաղաքական այս փուլում ՄԽ ցանկացած հայտարարություն Ադրբեջանն ընկալում է որպես իր դեմ արված հայտարարություն։ ԱՄՆ-ն հիմա նման հայտարարություն չէր անի, քանի որ Ադրբեջանը նրանց համար ընկալվում է, որպես էներգետիկ աղբյուր։ Նման հայտարությունն Ադրբեջանում սուր արձագանքի կարժանանար։ Ադրբեջանը համարում է, որ հարցը լուծված է ռազմական ճանապարհով, ուստի Փելոսին հարցը նրբանկատորեն շրջանցեց։









