Օրերս՝ Ադրբեջանի սանձազերծած
հերթական ագրեսիայի առիթով, խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին
իրեն չկորցերց, չվարանեց դիմել իր սիրած զբաղմունքին՝ խաբել ու մոլորեցնել հասարակությանը։
Մասնավորապես, իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգի ձախողումներն արդարացնելու
համար Փաշինյանը հայտարարեց, իբրև թե ադրբեջանական ագրեսիայի պատճառներից մեկն էլ ՀՀ
տնտեսության «վերելքն է» ու արձանագրվող հաջողությունները, որոնք հավանաբար սարսափեցրել
են հակառակորդին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է կոտրել մեր տնտեսության զարգացման
դինամիկան։ «Շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակված տնտեսության ազատության
ինդեքսը, որտեղ ՀՀ-ն զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում»,- հայտարարել
է նա։
Այլ բան է, թե Հայաստանի
տնտեսության ազատության ինդեքսն ինչքանո՞վ է բարելավվել, դա երևում է հնչող մեկնաբանությունների
հետ կապված «Լույս» հիմնադրամի կողմից վերջերս արած հայտարարությունից, ըստ որի՝ ներկայացված
տեղեկատվությունը չի պատկերում ՀՀ տնտեսության ազատության 2022թ. իրական մակարդակը:
Ճիշտ է, զեկույցը հրապարակվել է օրերս, բայց այն ներկայացնում է աշխարհի 165 երկրների
տնտեսական ազատության պատկերը 2020թ․-ի դրությամբ:
Ինչպես հայտնի է՝ 1995թ.-ից
ի վեր հայտնի «Հերիթեյջ» հիմնադրամը հրապարակում է «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա
զեկույցների շարքը՝ միտված տնտեսական ազատության մակարդակի գնահատմանն աշխարհի ավելի
քան 177 երկրներում: Համաձայն այս հիմնադրամի
կողմից հրապարակված տվյալների՝ 2020թ․-ին Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ»
երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Հայաստանի տնտեսական
ազատության մակարդակը գնահատվել է 70,6 միավոր: Զեկույցի համաձայն՝ Հայաստանում
2022թ. տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6 միավորով,
կազմել 65.3 միավոր, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել
է 26 հորիզոնականով, իսկ նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից Հայաստանն այս տարի հայտնվել
է 58-րդ հորիզոնականում:
Ի դեպ՝ կարևոր է փաստել,
որ 2001 թվականից ի վեր տնտեսական ազատության ինդեքսը Հայաստանում այսպիսի խոր հետընթաց
չի գրանցել և չի հայտնվել նման ցածր մակարդակում, իսկ ՀՀ դիրքը ևս միջազգային վարկանիշային
աղյուսակում նշված ժամանակահատվածում երբեք չի եղել այսքան ցածր:
Համաձայն
պաշտոնական վիճակագրության, այս տարի մեր տնտեսության աճը բարձր է, բայց կարևորը ոչ
թե այդ աճն է, այլ աճի իրական որակը։ Փաստն այն է, որ ՀՀ տնտեսության աճը բացարձակ
որակ չունի, քանի որ այն «նստած է» հիմնականում առևտրի ու ծառայությունների վրա։ Տնտեսական
աճի 80 տոկոսից ավելին ապահովում են հենց այդ ոլորտները, ինչն էլ թելադրված է ոչ թե
ներքին, այլ գերազանցապես արտաքին գործոններով, մասնավորապես՝ պատժամիջոցների տակ հայտնված
Ռուսաստանից ստացվող ֆինանսական հոսքերով ու մարդկանց տեղաշխարժերով։ Սրանք գործոններ
են, որոնք մեր տնտեսության իրական զարգացումների հետ քիչ կապ ունեն և ցանկացած պահի
կարող են դադարել։
Իրադարձությունների նման
գլխիվար ընթացքը վկայում է, որ այն անվտանգային իրավիճակը, որն այս իշխանությունների
անմիջական ջանքերով ստեղծվել է Հայաստանում ու նրա շուրջ, առաջիկայում ոչ մի լավ բան
չի խոստանում։
Անդրադառնալով խորհրդարանում
Փաշինյանի յհայտարարություններին՝ նշենք, որ իր խոսքում նա անդրադարձել է նաև զինվորների
ու գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացումներին։ Իրականում ողբերգությունը
նրանում է, որ երեք-չորս տարվա ընթացքում զինվորների աշխատավարձը մի քանի հազար դրամով
բարձրացրել են ու համարում են, թե մեծ բան են արել կամ բանակում սոցիալական խնդիր են լուծել։
Այն դեպքում, երբ իրենց հարյուր-հազարավոր դրամների պարգևավճարներ են տալիս, միլիոնավոր
դոլարներ մսխում պետբյուջեից ու կրկնապատկում աշխատավարձերը, որոնք առանց այդ էլ քիչ
չեն։
Մյուս մառազմը, որը ոչնչով
չի զիջում նախորդներին, վերաբերվում է գիտության ոլորտում աշխատավարձերի կրկնապատկմանն
ու եռապատկմանը, ինչի վերաբերյալ զառանցում են ոլորտի պատասխանատուները՝ չգիտես ինչու
մոռանալով, որ գիտության ոլորտում խղճուկ աշխատավարձ են տալիս։ Ոչ մեկի համար գաղտնիք
չէ, որ այստեղ հիմնական աշխատավարձերը տատանվում են 100-150 հազար դրամի, լավագույն
դեպքում՝ 200 հազարի սահմաններում։ Եվ ապիկար իշանությունները նման աշխատավարձերով
ուզում են գիտություն զարգացնել և բարձրացնել ռազմարդյունաբերական համալիրի պոտենցիալը։
Փորձելով ամփոփել ասվածը,
ակնհայտ է դառնում, որ ԱԺ ամբիոնից Նիկոլը դարձյալ հնչեցրել է կեղծիքի հերթական չափաբաժինը՝
կրկին անգամ մոլորեցնելով հասարակությանը, որոնք ամեն օր իրենց կյանքում առերեսվում
են աղքատության, գնաճի, սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների հետ:
Արմեն Հովասափյան









