Անշուշտ, որոշումը Հայաստանն է կայացնում, մենք այստեղ մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել: Այսպես պատասխանեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը չէին արդարացրել ՀՀ իշխանությունների ակնկալիքը, արդյո՞ք ԱՄՆ-ն ակնկալում է որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից եւ ԱՄՆ-ն արդյո՞ք պատրաստվում է երաշխավորել Հայաստանի սուվերենությունը, Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը:
«Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, որը ուրախությամբ են ընդունում ժողովրդավար աշխարհում և անչափ կարևորում են Հայաստանի ժողովրդավարությունը։ Թեպետ մենք ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում լինելու հետ կապված, սակայն Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են։ Մենք ցանկանում ենք այդ ուղղությամբ մեր գործուն աջակցությունն ունենալ։ Անշուշտ, որոշումը Հայաստանն է կայացնում, մենք այստեղ մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել եւ նաեւ Ջեքի Սփիրը նշեց, որ ընդունվում է դատապարտող նախագիծ, որի համահեղինակը Ադամ Շիֆն է, նա նաեւ Ցեղասպանության համահեղինակներից մեկն է եւ Հայաստանի հանդեպ մենք մեր հանձնառությունը պահպանում ենք եւ հավատարիմենք այդ հանձնառությանը»,-ասաց նա։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն էլ պատասխանելով վերոնշյալ հարցերին ասել է. «Մենք հասկանում ենք, որ այդ անվտանգային կազմակերպության մասն է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Մենք դրա հետ կապված ոչ մի բան չենք ասում, սակայն մենք մտահոգված ենք Հայաստանի անվտանգության հետ կապված և ցանկանում ենք հնարավորինս աջակից լինել Հայաստանին այդ հարցում»։
Հարցին, թե ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, Փելոսին ասաց, որ իրենց այցի կարեւորությունը կայանում է նրանում, որ իրենք լսելու են հասկանան, թե ինչ կարող են անել, ինչ է ակնկալվում իրենցից:
«Տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք մեր հանդիպման ժամանակ, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությունը, մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք` ինչ ակնկալիքներ եւ ցանկություններ կան»,-ասաց նա:
Աղբյուրը՝ news.am