Մարտի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ – ում Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի ղեկավարությամբ անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների միացյալ շտաբի, քարտուղարության և շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքը:
Միջոցառումը նպատակ ուներ մշակել առաջարկներ ՀԱՊԿ մարմիններին՝ կազմակերպության անդամ պետություններին ռազմական և ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։
Բացման խոսքում Անդրեյ Սերդյուկովը, մասնավորապես, նշել է, որ
«ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքն անցկացվում է պայմաններում, երբ ռազմաքաղաքական իրավիճակը բնութագրվում է գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում դիմակայության սրմամբ, ինչպես նաև անկայունության գոտիների մոտեցմամբ անմիջապես ՀԱՊԿ անդամ պետությունների պատասխանատվության գոտուն»։
Վարժանքի ծրագրի համաձայն՝ այն անցկացվում է չորս փուլով։
Այս տարի վարժանքին մասնակցում են նաև ՀԱՊԿ Մշտական խորհրդի, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության, ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի և սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության ներկայացուցիչները:
Առաջին փուլում մշակվում են առաջարկներ և որոշումների նախագծեր՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման, արագ ծավալման և անդամ պետությանը ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։
Երկրորդ փուլում նախատեսվում է մշակել առաջարկներ և համատեղ որոշումներ՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման և տեղակայման, ինչպես նաև ռազմատեխնիկական աջակցության ապահովման ուղղությամբ։
Երրորդ փուլում նախատեսվում է մշակել գործողություններ՝ պայմանական անդամ պետության տարածքում խաղաղապահ առաքելության կազմակերպման համար։
Չորրորդ փուլում մշակվում են ՀԱՊԿ քիմիական, կենսաբանական և ճառագայթային պաշտպանության, ինչպես նաև բժշկական ապահովման համատեղ ուժերի ձևավորման, տեղակայման և կիրառման հարցերը։
Ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքի ավարտին ՀԱՊԿ մարմինների կողմից մշակված որոշումների բոլոր նախագծերը կբերվեն պետություններին, որպես ելակետային տվյալներ ընթացիկ տարվա սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության տարածքներում կազմակերպության ձևաչափով անցկացվող համատեղ և հատուկ զորավարժությունների պլանավորող փաստաթղթերի մշակման համար:









