Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն արդեն Ջերմուկում են։ Նրանք տեղում ծանոթանալու են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին, հանդիպելու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանին։
Նրանց թվում են Հայաստանում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։









