Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու, որոնք կասկածվում են Լուվրի տոմսերի հետ կապված բազմամյա խարդախության սխեմային մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:
Հետաքննության տվյալներով՝ աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանին հասցված վնասը վերջին տասնամյակում գերազանցել է 10 միլիոն եվրոն։
Ձերբակալությունները կատարվել են Լուվրի կողմից՝ 2024 թ. դեկտեմբերին ներկայացված բողոքից հետո սկսված դատական հետաքննության շրջանակներում։ Ձերբակալվածների թվում են թանգարանի երկու աշխատակից, մի քանի էքսկուրսավար և սխեմայի ենթադրյալ կազմակերպիչը։
Ըստ դատախազության վարկածի՝ խարդախությունն իրականացվել է նույն տոմսերի բազմակի օգտագործմամբ՝ տարբեր տուրիստական խմբերի համար։ Սկզբում քննիչների ուշադրությունը գրավել էին երկու չինացի էքսկուրսավար, որոնք, ինչպես ենթադրվում է, պարբերաբար զբոսաշրջիկների խմբեր էին տարել թանգարան՝ կրկնակի ներկայացնելով արդեն օգտագործված տոմսերը։ Ավելի ուշ նմանատիպ գործունեություններ հայտնաբերվել են նաև այլ էքսկուրսավարների մոտ։
Հետաքննությունը նաև գտնում է, որ էքսկուրսավարները թանգարանի ներսում ունեցել են հանցակիցներ, որոնց նրանք կանխիկ վճարել են ստուգումները բացառելու համար։
2025 թ. հունիսին սկսված պաշտոնական հետաքննությունը ներառում է կազմակերպված խարդախության, փողերի լվացման, կոռուպցիայի, երկիր անօրինական մուտք գործելուն նպաստելու և կեղծ փաստաթղթերի օգտագործման մեղադրանքներ: Հետաքննիչների գնահատմամբ՝ ցանցը կարող էր օրական սպասարկել մինչև 20 տուրիստական խմբի:
Դատախազությունը նաև նշել է, որ նմանատիպ սխեմաներ կարող էին գործել Վերսալի պալատում, բայց մանրամասներ չեն ներկայացվել:









