Արդեն մի քանի օր է, ինչ
հարավկովկասյան տարածաշրջանը բառացիորեն եռում է՝ պայմանավորված Ադրբեջանի հերթական ռազմական
ագրեսիայով։ Այս հանգամանքն աշխարհաքաղաքական բևեռների կողմից արժանանում է ամենատարբեր
գնահատականների ու մեկնաբանությունների, որոշ դեպքում՝ բավականին հակասական։ Այսպես,
ՀՀ նկատմամբ Ադրբեջանի հարձակման մի քանի օրերի ընթացքում աննախադեպ դիվանագիտական
և ռազմաքաղաքական ուղերձներ են հնչում հարևան Իրանից: Չնայած այն հանգամանքին, որ Երևանը
պաշտոնապես որևէ խնդրանքով չէր դիմել իրանական կողմին, չունի նաև դրա համար
անհրաժեշտ երկկողմ պայմանագրային բազա, այս օրերին Հայաստանը ամենամեծ դիվանագիտական աջակցությունը
ստացել է Թեհրանից:
Աշխարհաքաղաքական գործընթացներին
ինչ-որ չափով հետևող յուրաքանչյուրս նկատած կլինենք, որ Սյունիքի մարզը վաղուց է հարևան
Իրանի ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտնի է, Իրանի կառավարությունն անցած տարվա
վերջին որոշեց Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացել՝ հավանություն
տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին: Ներկայացուցչությունը դեռ պաշտոնապես չի բացվել, սակայն
Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Բացի դա, Իրանի նախագահը, ԱԳ նախարարը վերջին շրջանում
ավելի ու ավելի հաճախ են խոսում հայ-իրանական սահմանի փոփոխության անթույլատրելիության,
ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության անթույլատրելիության մասին:
Այս արձագանքներից ամենածանրակշիռը, թերևս, այս տարվա հուլիսի 19-ին Իրանում Ռայիսի-Պուտին-Էրդողան
բանակցությունների շրջանակում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի փոխանցած
ուղերձներն էին Թուրքիայի ու ՌԴ նախագահներ Էրդողանին ու Պուտինին, ըստ որի՝ Իրանը
դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը:
Արձանագրենք, որ ընթացող
պատերազմի օրերը ևս բացառություն չէին իրանական ուղերձների տեսանկյունից: Պատերազմական
գործողությունների առաջին իսկ ժամերի ընթացքում Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ընդգծել
էր, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն:
Քանանին շեշտել էր, որ Իրանն ուշադրությամբ հետևում է այս խնդրի հետ կապված զարգացումներին
և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:
Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը հիշատակել էր Այաթոլլա Խամենեիի
խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները
պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո:
Շատ ավելի ուշագրավ էր
այն հանգամանքը, որ թեև Արարատ Միրզոյան-ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան հեռախոսազրույց
չէր կայացել, Աբդոլլահիանը զանգահարել էր Բաքվի իր գործընկերոջը ու համապատասխան դիվանագիտական
ուղերձներ փոխանցել: Նա մասնավորապես ընդգծել էր, որ Իրանը հայ-իրանական սահմանը դիտարկում
է որպես պատմական հաղորդակցության ճանապարհ, որը պետք է անփոփոխ մնա։ Լուրջ մտահոգություն
հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝
Իրանի արտգործնախարարն ընդգծել էր Թեհրանի պատրաստակամությունը՝ օգնել խնդիրը լուծել
խաղաղ և քաղաքական ճանապարհով։ Ամիր Աբդոլլահիանը նշել էր, որ Իրանը մշտապես ընդգծում
է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։
Վերջինս նաև հավելել է, որ տարածաշրջանը չի կարող հաշտվել նոր պատերազմի հետ:
Ի դեպ, նշենք նաև, որ այս
օրերին Աբդոլլահիանը թեման քննարկել է նաև ԻԻՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի
կապակցությամբ Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանի հետ հանդիպմանը՝ ընդգծելով հարավկովկասյան
տարածաշրջանում խաղաղության վերականգնումը և, հայտարարելով, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական
փոփոխությունը կարմիր գիծ է և անընդունելի։
Ամփոփելով՝ կարևոր է փաստել,
որ արդեն այսօր գոյություն ունեցող իրավիճակում, երբ հայկական դիվանագիտական ռեսուրսները
զրոյացված են, չկա արտաքին ինտենսիվ աշխատանք թուրք-ադրբեջանական էքսպանսիայի զսպման
ուղղությամբ, ավելին՝ կա քարոզչություն, թե ՀՀ-ն աշխարհաքաղաքական ծուղակում է, չունի
դաշնակիցներ, անվտանգային երաշխավորներ և չունի այլ ելք, քան համաձայնել ադրբեջանական
բոլոր պահանջներին, Իրանի դիրքավորումը ՀՀ դիվանագիտական ներուժի վերականգնման դեպքում
կարող է թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությանը դիմակայելու, ետ մղելու
ճանապարհին լուրջ արտաքին քաղաքական խաղաքարտ դառնալ:
Արմեն Հովասափյան









