Հայաստանի դեմ սանձազերծված հերթական ագրեսիային, ներքին ու արտաքին սրված մարտահրավերներին դիմակայելու գործում հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ կարևորում են ազգային ուժերի՝ զինվորականների, հոգևորականների, պետական ու հասարակական գործիչների միավորումը:
Ո՞րը պետք է լինի հոգևորականության առաքելությունն այսօր՝ 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ այդ առաքելությունը միշտ նույնն է՝ խոսք ասել ժողովրդին:
«Մենք խոսքն ասում ենք: Ուրիշ հարց է՝ լսող կա՞, թե՞ չկա. դա մյուս կողմն է: Մենք այս հարցում չենք թերացել, կարծում եմ, և ի սկզբանե հայտարարել ենք, որ այս իշխանությունը չարիք է, առաջարկել ենք ուղիներ այս չարիքից ազատվելու, շարունակում ենք նույնը. դրանից ավել ի՞նչ պիտի անենք:
Ես ասել եմ, որ այս իշխանությունը պետք է հեռանա, և ուժային կառույցներն իրենք պատասխանատու են այս մարդուն հեռացնելու գործում, իրենք պիտի հեռացնեն այս մարդուն: Չեն հեռացնում. երևի իրենց ձեռք է տալիս, և սա խոսում է բանակի, ԱԱԾ անճարության մասին: Մարդը պառլամենտի ամբիոնից հեգնում է բանակին, ԱԱԾ մարդկանց է շպիոններ անվանում, իսկ նրանք ենթարկվում են և իրեն են պաշտպանում: Էս աբսուրդի մեջ ի՞նչ կարող է անել եկեղեցին»,- նշեց նա:
Հոգևորականը համոզված է՝ եթե եկեղեցին լիներ ուժային կառույց, հարցը վաղուց լուծված կլիներ:
Անդրադառնալով ինքնաբուխ հերթական հավաքի շարունակականությանն ու նպատակներին՝ նա ասաց. «Աստված տա՝ ունենա շարունակություն. կարևոր և միակ պայմանն այսօր այս չարիքի իշխանությունից ձերբազատվելն է, այս հակաազգային իշխանությունից ազատվելն է: Ուրիշ ճանապարհ չկա:
Բայց այնպես չէ, որ եկողին հեշտ է լինելու, այնպիսի փոսի մեջ ենք, որ եկողին բացարձակապես չեմ կարող նախանձել. եկողը պետք է նահատակվի, որպեսզի երկիրը հանի այս փոսից»:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններից հետո Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում նրա հրաժարականի պահանջով ինքնաբուխ հանրահավաքներ մեկնարկեցին:
«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշումներ չի նշանակում՝ ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ: Մենք այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը. մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք՝ «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս անց նոր պատերազմ կսկսվի: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տարածքով, ստանա տևական խաղաղություն և անվտանգություն:
Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ. ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:









