44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն արդեն մի քանի ժամ է՝ Ազգային ժողովի շենքի մոտ են, շարունակում են բողոքի ակցիան, պահանջում են Փաշինյանի հրաժարականը։
«Փաշինյանի՝ Բրյուսելից վերադառնալուց հետո անցել է 11 օր։ 11 օր է՝ Ադրբեջանը հնչեցնում է սպառնալիքներ Հայաստանի հասցեին, այսինքն, 11 օր է՝ գիտեինք, որ պիտի պատերազմ սկսվի, զգուշացնում էինք այդ մասին։ Ես կոնկրետ իմ հարցազրույցներում մի քանի անգամ դրա մասին ասել եմ։ Սա Ալիևի հետ համաձայնեցված ծրագիր է։ Այո, սա ծրագիր է, հստակ ծրագիր, որի նպատակը այսօր Փաշինյանը հնչեցրել է Ազգային ժողովի իր ելույթում»,- ինչպես հայտնում է «Հրապարակը», այս մասին քիչ առաջ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, որը ևս միացել է ծնողներին։
«Այո, ծրագրի նպատակը այսօր Փաշինյանը ասաց։ Դա «խաղաղության պայմանգիրն» է, որով ՀՀ մի քանի տարածքներ հանձնվում են Ադրբեջանին, որը նաև Սյունիքով միջանցք է ստանում, որով պիտի միանա Թուրքիային։ Ահա սա է նպատակը, իսկ Փաշինյանը այդ նպատակին է ծառայում»,- հավելեց նա։









