Foto

Երբ չգիտես ինչ ասես՝ նախընտրելի է լռելը

Երեկ կեսօրն անց ադրբեջանական ԶԼՄ-ում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցելու 5 ռազմագերի։ Լուրի իսկությունը, բնականաբար, փորձ արվեց ճշտել ՀՀ պաշտոնական աղբյուրներից։ ԱԳՆ-ից հայտնեցին, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում, իսկ ՊՆ-ն մինչև վերադարձի պահը չհասատատաեց տեղեկությունը։ Մենք խոսում ենք մի իշխանության ներկայացուցիչների մասին, ովքեր երբ քարտեզ կամ թշնամու պահանջած այլ բան էին զիջում և հերթական 15 գերուն վերադարձնում էին՝ իրար հերթ չտալով գրում էին և դա ներկայացնում, որպես ձեռքբերում։ Եղել է դեպք, երբ դեռ հաստատ չգիտեին, որ գերիների վերադարձ է սպասվում, ամեն դեպքում հայտարարում էին, որ գալու են։ Ընդ որում՝ մինչև այն պահը, երբ այդ ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց գերիների։ Այսինքն Ադրբեջանում իրենք որոշել են և ազատ են արձակել 5 ռազմագերու և հարկ չեն համարել դրա մասին տեղյակ պահել ՀՀ իշխանության որևէ ներկայացուցչի՝ մասնավորապես ՊՆ, ԱԳՆ, ԱԱԾ, վարչապետի աշխատակազմ և այլն։ Իհարկե, գուցե և ենթադրելի էր՝ չէ՞ որ թշնամուն հանձնվեց Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսը՝ ընդ որում ջանասիրաբար հետևեցին, որ բնակիչները չվնասեն թշնամուն հանձնվելիք տները։ Այս ահռելի բնակավայրերի դիմաց 5 ռազմագերու վերադարձն օրինաչա՞փ էր․․․ Սա հռետորական հարց է։   Դիպուկ էր երեկ հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի գրառումը․ «․․․Հա, մոռացել էի՝ դուք ո՞վ եք, որ Բաքուն իր քայլերի մասին ձեզ նախապես տեղյակ պահի։ Մամուլից կիմանաք էլի»։

Իսկ ի՞նչ արեց երեկ կամ այսօր ԱԳ նախարարությունը, ինչպե՞ս  արձագանքեց մամուլից իմանալուց հետո։ Որևէ խոսք չի ասելԱդրբեջանի հետ քննարկումների մասին։ Սա այն դեպքում, երբ օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարում են, որ նրանք, ոչ թե գերի են, այլ՝ ռազմական հանցագործներ։

Առավոտյան, արձագանքելով գերիների վերադարձմանը, ԵՄ դեսպան Շառլ Միշելը մասնավորապես գրել է․ «․․․Առաջին անգամ փոխանցումը կատարվել է երկու կողմերի կողմից։ Գլխավոր առաջնահերթությունը շարունակում է մնալ բոլոր մարդասիրական խնդիրների լուծումը»։

ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս ողջունել է Ադրբեջանում պահվող հինգ հայ ռազմագերու ազատ արձակումն ու փոխանցումը հայկական կողմին։ «Մենք ողջունում ենք տեղեկությունն այն մասին, որ հայ զինվորականները վերադարձել են տուն։ Դա հանդիսանում է դրական իրադարձություն հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի համար։ Հույս ունենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման եւ առկա տարակարծությունների կարգավորման համար»,- ասված է խոսնակ Պրայսի գրառման մեջ։

Ռուսական կողմը, հետևելով ՀՀ ԱԳՆ օրինակին, որևէ կերպ չի արձագանքել գերիների վերադարձին։ Իսկ Արևմուտքը կարծում է, որ սա Ալիևի կողմից մարդասիրական քայլ է։ Ինչո՞ւ չեն հիշեցնում, որ եթե նույնիսկ Ադրբեջանը որոշել է 5 ռազմագերի վերադարձնել, դա սոսկ մարդասիրական քայլ չէ, այլ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից մեկի մասնակի կատարում։ Ինչո՞ւ դրա մասին ոչ մեկն Ադրբեջանին չի հիշեցնում։ Կա՛մ ՀՀ իշխանությունը վախենում է ասել, որ դա մարդասիրական քայլ չէ, այլ՝ պատավորության կատարում, քանի որ մտավախություն ունի թշնամուց նոր հարված ստանալ, նվազագույնն այլևս ռազմագերիների չեն վերադարձնի, կամ էլ, եթե հայտարարի, որ այդ մարդասիրությունը բխում է Օգոստոսի 25-ին իրենց կատարած «մարդասիրությունից»՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսը հանձնելուց, ներսում ընդդիմությունը մեծ ալիք կբարձրացնի: 

Հեղինակ: Աննա Ավետիսյան