Հայկական բանակը մշտական հարվածների ներքո է: Ընդ որում հարվածները տեղում են ներսից՝ ՔՊ-ական կառավարությունից: 24 միլիոնով բանակից ազատվելու առաջարկին հաջորդեցին նաեւ մյուսները:
Այսպես, նախօրեին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5.1 եւ 5.2 մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբի) հանդես գալու համար եւ մինչեւ 2021 թ. մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:
Ահա այսպես, հերթով, կարգով մխրճվել են բանակի մեջ ու այն կազմաքանդում են: Ինչն է հեշտ. ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն կամ մեկ այլ երկրի քաղաքացիություն, իսկ հետո պայմանավորվել որեւէ ( հիմնականում քիչ հայտնի) մարզաձեւի ղեկավարության հետ, որդուն ընդգրկել հավաքականում ու խուսափել զինծառայությունից, ոչինչ, որ եւ բանակն է տուժում, եւ մարզաձեւը:
Զինծառայությունից պետք է ազատել այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք հանդես են գալու Հայաստանում հայտնի եւ սիրված մարզաձեւերում՝ ֆուտբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, ծանրամարտ: Ընդ որում, օտարերկրյա քաղաքացի պետք է համարվի բացառապես օտար երկրում ծնված եւ մեծացած օտարերկրացին: Հակառակ դեպքում էլ ավելի կավելանան այն «օտարերկրացիները», որոնք ծնվում, ապրում եւ մեծանում են Հայաստանում:
Շարունակելով բանակին հարվածելու գործընթացը, առաջարկվում է նաեւ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրել նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Ավելին, տարկետում տրամադրելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը:
Պարզ է չէ՞, որ ըստ պահի, ըստ անհրաժեշտության, ըստ անձի որոշումներ են կայացվելու, հարվածելով թե գիտությանը, թե կրթությանը, թե բանակին, խորացնելով անարդարության զգացումը եւ հիմքեր ստեղծելով կոռուպցիայի առավել տարածման ու զարգացման գործում:
Բացի այդ, կառավարությունը հոգ տանելով տարկետման իրավունք ունեցողների մասին, առաջարկում է զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանել ոչ թե 27, այլ 28 տարին: Դեռ մի կողմ, որ հիմնավորելիս ԿԳՄՍ նախարարը փորձում էր 18-ին գումարել 4, ապա երկու եւ երեք ու ստանալ 28, բայց զարմանքով պարզում էր, որ ի վերջո 27 է ստացվում, ինչն առաջացրեց անգամ ներկաների ծիծաղը:
Ոչինչ, որ Աբգարս ու մեր հարյուրավոր 18 տարեկաններ դպրոցն ավարտելուց հետո հայտնվեցին ռազմաճակատի առաջին գծում ու զոհվեցին: Դե ոչինչ, չէ որ նրանք օտարերկրյա քաղաքացիություն չունեին ու տաղանդավոր չէին, որ տարկետման իրավունք ձեռք բերեին:
Եւ այս անարդարության խորացմանը մենք, չգիտես ինչու, հետեւում ենք կողքից, ընդամենն արձանագրելով հարվածներն ու կորուստները: Եւ գնալով խորանում է տպավորությունը, որ կառավարությունն այս ամենն անում է ոչ միայն բանակը թուլացնելու, այլ հասարակությունում անարդարության զգացումը խորացնելու համար: Ինչու ենք զարմանում, երկիրը կառավարում են «կա տարկետում» վանկարկող բանակից խուսափածները: