Արամ Զավենի Սարգսյանն առաջարկում է Արցախից վերջնականապես հրաժարվել, այնտեղի բնակչությանն ամբողջությամբ տեղահանել և զիջել «Զանգեզուրի միջանցքը» թուրք-ադրեջանական տանդեմին, ես այսպես եմ հասկանում նրա ասածը։ Եթե ինքն ուզում է Հայաստանը վերջնականապես ոչնչացնել, ես ի՞նչ ասեմ, այդ մարդու ծրագիրն է:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ արձագանքելով Արամ Սարգսյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու առաջարկին։ Ինչպես արդեն հայտնել ենք Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու առաջարկն Արամ Սարգսյանը հրապարակել է ֆեյսբուքում։
Ստեփան Դանիելյանն ընդգծում է՝ այս պահին արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը ծանր հետևանքներ է ունենալու Արցախի և Հայաստանի համար՝ ընդհուպ մինչև Հայաստանի ոչնչացում:
Դիտարկմանը, որ Արամ Սարգսյանը նման հայտարարություններ է անում այսօր Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանն ընդառաջ, Ստեփան Դանիալյանն արձագանքեց.
«Բրյուսելում այդ նույն ծրագիրն է, երբ ասում են երկարատև խաղաղություն պետք է հաստատվի, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, հայերը դուրս են գալիս Արցախից, հետո «Զանգեզուրի» միջանցքի տրամադրում, սա արևմտյան ծրագիրն է»,-ասաց քաղաքագետը:
Հարցին՝ հաշվի առնելով, որ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի սիրելի արտախորհրդարական ուժերից մեկի ղեկավարն է և երկուսն էլ նույն տեսակետի կրողն են, հաճախ են նույն դիրքորոշումն արտահայտում, կարող ե՞նք ենթադրել, որ Արամ Սարգսյանը նաև Փաշինյանի տեսակետն էր այսպիսով արտահայտում, Ստեփան Դանիելյանն ասաց.
«Չեմ կարող ասել, բայց եթե Փաշինյանի տեսակետն է, ապա սա էժանագին շանտաժ է Ռուսաստանին, բայց մեծ քաղաքականության մեջ շանտաժով հարցեր չեն լուծում, շանտաժը չի աշխատում, հատկապես, երբ փոքր երկիրը մեծ երկրին է շանտաժ անում, էժանագին մոտեցում է»,-ասաց քաղաքագետը:









