Օրերս հրապարակեց քաղաքական վերլուծաբան, «Կալիֆորնիան կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի «Հայաստանում չկա հարգանք ոչ ողջերի, ոչ մեռածների նկատմամբ» հոդվածը, ուր հեղինակն անդրադառնում է ականավոր ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վահագն Տատրյանի Հայաստանում հուղարկավորության հանգամանքներին, գիտնականի հիշատակի նկատմամբ արգահատելի վերաբերմունքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը:
Նա նաեւ նշել է. «Ըստ էության, նշանավոր ցեղասպանագետ, Մ․ Խորենացի, Սրբ Սահակ և Մաշտոց մեդալադիր Վ․ Տատրյանի աճյունը Հայաստան տեղափոխելու և այստեղ հուղարկավորելու համար 2019-ին Կառավարության որոշումով ստեղծվել է պետական հանձնաժողով։
Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորելուց հետո, գիտնականի շիրիմը հայտնվել է լքվածության և անտերության մեջ, շիրմաքարի և հուշատախտակի բացակայության պատճառով անգամ անկարելի է եղել գտնել գերեզմանը։
Բնականաբար, այսպիսի հանցավոր վերաբերմունքը հարված է թե ականավոր գիտնականի հիշատակին, թե գիտամշակութային աշխարհին, թե Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։
Նամակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վիճակը շտկելու համար քայլեր ձեռնարկվելու ակնկալիքով։
Շատ դժվարությամբ զսպելոց վրդովմունքս, զերծ կմնամ գնահատականներից և կսպասեմ պատասխանի»։









