Foto

Թուրքական գործոնն ու աշխարհաքաղաքական շահը


Այսօր արդեն անհերքելի է այն իրողությունը, որ հարավկովկասյան սեգմենտում ուղղակիորեն շահարկվում է պանթուրքիստական քաղաքականության առանցքային բաղադրիչներից մեկը, և հենց այս հատվածում է պարզվելու՝ առաջիկայում ինչ զարգացում կստանա այն։

Ինչպես հայտնի է՝ նախորդ շաբաթ՝ օգոստոսի 24-ին, առաջին անգամ տեղի ունեցավ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պաշտոնական այցն Ադրբեջան։ Ըստ մի շարք փորձագիտական գնահատականների՝ այցն անցել է կառուցողական մթնոլորտում. Ալիև-Տոկաև հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տրանսկասպյան տրանսպորտային համակարգի զարգացմանը, Արևելք-Արևմուտք միջանցքի երթևեկության ավելացմանը, ինչպես նաև Ադրբեջանով ղազախական նավթի արտահանման ավելացման հետ կապված հարցերին:

Եթե տեղի ունեցածը դիտարկենք որպես շարքային հանդիպում, ապա առաջին հայացքից այն կարևոր է՝ որպես երկու թյուրքալեզու երկրների ղեկավարների հանդիպում, սակայն այս անգամ ղազախա-ադրբեջանական բանակցություններն ունեին էական աշխարհաքաղաքական բաղադրիչ։

Ըստ էության, Տոկաևի այցն Ադրբեջան ու դրա շուրջ քարոզչական աղմուկը վերջնականապես ապացուցում է, որ սա թյուրքալեզու պրոյեկտ է, որում ուրվագծվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան առանցքը, որի շուրջ Անկարան ու Բաքուն կցանկանան միավորել մնացած բոլոր թյուրքալեզու երկրներին, միանշանակ է, որ այստեղ Ղազախստանը հասկանալիորեն ունի մեծ կշիռ։

Տարբեր փորձագիտական շրջանակների կարծիքով՝ թյուրքալեզու երկրները և «Թուրան» օպերացիան ներկայումս ակտիվ օգտագործվում են որոշ ուժերի կողմից ՌԴ դեմ, դա է նաև պատճառը, որ այսօր այդ ծրագիրը Թուրքիան ու Ադրբեջանը առաջ են մղում, որից Ադրբեջանը, որպես տարանցիկ երկիր, ձգտում է քաղել առավելագույնը և իրենց փորձում դիրքավորել՝ որպես Միջին Ասիայի հետ կապող երկիր։ Միաժամանակ Ադրբեջանն ակտիվացնում է իր հարաբերություններն այդ երկրների հետ, դրան զուգահեռ նաև մեծացնում իր կշիռը և՛ այդ երկրների, և՛ եվրասիական թևի համար։

Աշխարհաքաղաքական այս լաբիրինթոսում աստիճանաբար պարզ է դառնում, որ Ղազախստանը նավթի տարանցման հարցում Ադրբեջանի կարիքն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները դիվերսիֆիկացնելու համար։ Հատկանշական է այն, որ այս ուղղությունն ամրապնդվել է տարեսկզբին Ղազախստանում տեղի ունեցած ցնցումներից հետո, երբ դրանց միջամտեց Ռուսաստանը ՀԱՊԿ-ով, հենց այդ ժամանակ էր, որ Թուրքիան զգաց այդ տարածաշրջանում իր թուլության աստիճանը։

Հետևելով գեոպոլիտիկ վայրիվերումներին՝ ակնհայտ է, որ Ուկրաինայի պատերազմի հետ, Թուրքիան և Ադրբեջանը ընդգծված կերպով ընդլայնում են իրենց հարաբերությունները դեպի Կենտրոնական Ասիա թյուրքալեզու երկրները, և ասել, որ սա անակնկալ զարգացում էր, ըստ էության, սխալ կլինի, քանի որ այս նախագծերն արդեն իսկ կային։ Ի դեպ չմոռանանք, որ Ադրբեջանն այսօր մեծ թափով աշխատում է Ուզբեկստանի, Թուրքմենստանի հետ, ամիսներ առաջ Թուրքիան և Ադրբեջանը Ուզբեկստանի հետ ստորագրեցին Տաշքենդի հռչակագիրը։ Հենց սրանք են, որ հանդիսանում են Թուրանի ամրապնդման հիմքերը։

Ասվածին զուգահեռ տրամաբանական է, որ այս ամենը թյուրքալեզու երկրների, թուրանական պրոյեկտի ամրապնդումն ու զարգացումը նոր մարտահրավերներ են ստեղծում Հայաստանի համար, որը մշտապես խոչընդոտ է եղել այս երկրների համար թուրանական պրոյեկտների և միջանցքի ձևավորման ճանապարհին։

Այսօրվա իրողությունն այն է, որ մեր տարածաշրջանում ականատես ենք աշխարհաքաղաքական պատկերի փոփոխության, որը հովանավորվում է նաև Արևմուտքի կողմից ընդդեմ Ռուսաստանի։ Ըստ էության, Թուրքիան ու Ադրբեջանն այսօր չեն աշխատում հանուն եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների, այլ թյուրքական գծի ամրապնդման և թուրքական ազդեցության ամրապնդման օգտին։ Գաղտնիք չէ, որ այս ամենի ճակատագիրը մեծապես կախված է նաև Թուրքիայում հաջորդ տարվա առաջին կեսին սպասվող ընտրություններից և Էրդողանի հետագա ճակատագրից։

Միանշանակ է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքից է կախված  թուրանական գծի շարունակությունը և թյուրքալեզու պետությունների միությունը։ Ինչ խոսք, Ռուսաստանից և ռուսական քաղաքականությունից մեծ բան ևս կախված է, քանի որ դեռ վերջնականապես հասկանալի չէ, թե ինչպես է ՌԴ-ն պատրաստվում զսպել այս սպառնալիքները, որոնք նաև իրեն են վերաբերում և աշխատում են հենց ՌԴ-ի դեմ։ Այս մասով միայն տեսանելի են ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք ՌԴ արտաքին քաղաքականության ամենաբարդ ֆենոմենն են։ Ռուսաստանին հիմա շատ դժվար է հաջողվում Թուրքիայի զսպման քաղաքականությունը, սակայն հաջողվում է, և այս դեպքում էլ շատ բան կախված է լինելու Ուկրաինայում պատերազմի ընթացքից ու ավարտից։

Արմեն Հովասափյան