Foto

Ինչի՞ մասին է բարձրաձայն լռում Մեղրիի համայնքապետը


Թեև շուրջ 8-9 ամիս (համենայն  դեպս՝ Մեղրիի համայնքապետն է այդպես ասում) Մեղրի-Ագարակ ճանապարհին ռուս սահմանապահները անցակետ են դրել, բայց այսօր թեման կրկին շիկացել է և լրատվականնրը Մեղրիի համայնքապետից բացատրություններ են պահանջում:

Բնական է, որ Բագրատ Զաքարյանը (Մեղրիի համայնքապետ)  պետք է ասի այն, ինչ իրեն, պատկերավոր ասած, գրել-տվել են Երևանից: Բայց գրեթե բոլոր լրատվականներին, այդ թվում և Vesti.am-ի լրագրողին Բագրատ Զաքարյանը հայտնել է, որ ռուս սահմանապահների գործողություններն օրինաչափ են: Միաժամանակ Մեղրիի համայնքապետը ասել է, որ այս գործողություններն «այլ տեսանկյունից են դիտարկվում»՝ ելնելով քաղաքական իրավիճակից: Հետաքրքիր է, որ իր մեկնաբանություններում Բագրատ Զաքարյանը մի շարք լրատվամիջոցների հայտնել է, թե առայժմ  համայնքում անվտանգային խնդիրներ չկան: Մասնավորապես Vesti.am-ի հետ զրույցում նա նաև ասել է. «Չգիտե՞ք, որ մեծ քաղաքականության արդյունքում ներկա պահին ճանապարհների, սահմանների խնդիր է լուծվում»: Ի՞նչ է ակնարկում Մեղրիի համայնքապետը, երբ խնդրո առարկա ճանապարհահատվածը ՀՀ ներպետական ճանապարհ է, չի շոշափվում հայ-ադրբեջանական, հայ-ռուս-ադրբեջանական կամ միչև այժմ հայտնի որևէ այլ փաստաթղթում, որով ճանապարհների կամ սահմանների հարց է քննարկվել կամ դրվել: Մեղրի-Ագարակ ավտոճանապարհն անցնում է հայ-իրանական սահմանին զուգահեռ և մինչև հիմա ո՛չ իրանական, ո՛չ էլ հայկական կողմից այդ սահմանագծի փոփոխության հարց չի բարձրացվել: Ավելին՝ իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստան-Իրան սահմանագիծն իր համար «կարմիր գիծ» է և թուլ չի տա դրա փոփոխություն:

Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջնի միջև սահմանային «բանավոր ըմբռնումների» կասկածելի պրակտիկան՝ չի բացառվում, որ հայ-իրանական հարաբերություններում սահմանային կամ ճանապարհային խնդիրներ չլինեն, բայց այլ ձևաչափում դրանք քննարկվում են: Գուցե դա՞ է պատճառը, որ Մեղրիի համայնքապետը բազմանշանակ հայտարարում է, որ առայժմ անվտանգային խնդիրներ չկան և, չգիտես ինչու, հիշեցնում է մեծ քաղաքականության, ճանապարհների և սահմանների մասին:

Հանուն օբյեկտիվության նշենք, որ մի շարք լրատվականների հարցերից հետո՝ News.am-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետն ակնարկել է, որ «այդ սահմանային գոտում սահմանահատումներ են լինում»: Հավանաբար համապատասխան կենտրոնից հուշել են, թե ինչով սվաղի կամ արդարացնի իր «առայժմ»-ը և «մեծ քաղաքականության արդյունքում»-ը:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան