Սերբիային չի հաջողվի երեք աթոռի նստել։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով իրավիճակի սրումը Սերբիայում, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«Պետք է առաձնացնել ղեկավարությանը եւ սովորական ժողովրդին։ Իհարկե, սերբ ժողովրդին պետք է օգնել եւ ստիպված ենք օգնել։ Մենք այդպիսի մարդիկ ենք։ Բայց մենք հաշվի ենք առնում Սերբիայի քաղաքականությունը Բելառուսի հանդեպ։ Դե, եթե նրանք ցանկանում են, ինչպես ասում են, երեք աթոռի նստել, դա նրանց չի հաջողվի։ Այստեղ մենք ենք, Ռուսաստանը, Եվրամիությունը, Ամերիկան եւ մյուսները.... Եվ ամենուր ցանկանում են, որպեսզի լավ լինի։ Բայց նրանց չեն թողնի նստել այդ բոլոր աթոռներին, եւ առաջին հերթին Եվրամիությունում, որտեղ նրանք այդպես ձգտում են հայտնվել։ Խնդիր կա»,- ասել է Լուկաշենկոն։ Իրավիճակը Կոսովոյում լրջորեն սրվել է հուլիսի 31-ին այն բանից հետո, երբ չճանաչված կազմավորման ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ անցակետը՝ մտադրություն ունենալով երկուշաբթի օրվա կեսգիշերից սերբական փաստաթղթերի արգելք մտցնել։ Ի պատասխան՝ սերբերը ցույցի են դուրս եկել եւ փակել հիմնական մայրուղիները։ Երկրամասի հյուսիսի մի շարք քաղաքներում ազդանշաններ են հնչել։ Իբար գետի կամրջի երկայնքով, որը միացնում է Կոսովո-Միտրովիցայի հյուսիսն ու հարավը, ոստիկանական ուժեր եւ Կոսովոյում անվտանգության միջազգային ուժեր են կենտրոնացել, որոնք գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո։
Ավելի ուշ Կոսովոյի ղեկավարությունը հետաձգել էր արգելքի կիրառումը մինչեւ սեպտեմբերի 1-ը, երբ կհանվեն բարիկադներն ու կվերականգնվի տեղաշարժը Կոսովոյի հյուսիսում։
Մինչ այդ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին նախագահ Վյոսա Օսմանիի եւ փոխվարչապետ Բեսնիկ Բիսլիմիի ու Դոնիկա Գերվալայի հետ մի շարք հանդիպումներ էր ունեցել ամերիկյան եւ միջազգային այլ ներկայացուցիչների հետ։









