Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ Անկարան դրանք ուշադիր հետևում է՝ Թուրքիայի անվտանգության ռիսկերը չեզոքացնելու, նոր սպառնալիքները կանխելու և Սիրիայում խաղաղության ու կայունության արագ հաստատման նպատակով։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Էրդողանի խոսքով՝ Սիրիայի քրդերը «Թուրքիայի իսկական եղբայրներն են», որոնք նախորդ վարչակարգի տարիներին ենթարկվել են խտրականության․ նրանց գոյությունը չի ճանաչվել, քաղաքացիություն և անգամ անձնագիր չի տրվել, սահմանափակվել է մայրենի լեզվի, մշակույթի և ավանդույթների ազատ կիրառումը։ Նա նշել է, որ 2008 թվականից ի վեր այդ խնդիրները բարձրաձայնվել են տարբեր հարթակներում։ Ըստ Էրդողանի՝ քրդերին պետք է վերադարձվեն իրենց հիմնարար իրավունքները։
Էրդողանը հավելել է, որ 2011-ից հետո սիրիացի քրդերը բախվել են նաև ահաբեկչական խմբավորումների ճնշմանը, մինչդեռ նոր Սիրիայի կառավարությունը կառուցողական մոտեցում է ցուցաբերում քրդական համայնքի նկատմամբ։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություն չունի և չի միջամտում ներքին գործերին, սակայն թույլ չի տա, որ իր անվտանգությանը վնաս հասցվի։









