Foto

Էշի ականջում «քնած» կառավարությունը

Մի շարք տնտեսագետների և ոլորտային մասնագետների կարծիքով դրամի արժևորումը փաստի առաջ է կանգնեցրել մեր տնտեսության մի շարք ոլորտների մասնակիցներին։ Արդեն մի քանի ամիս է, նրանք կորուստներ են կրում դոլարի ու եվրոյի արժեզրկման պատճառով։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ժամանակին, չմտածելով, որ դրամը կարող է այսքան ամրապնդվել, պայմանագրերը դրսի գործընկերների հետ կնքել են դոլարով ու եվրոյով, ու երբ դոլարն ու եվրոն էժանացել են՝ դրամով արտահայտված ֆինանսական մուտքերն էապես կրճատվել են, ինչն էլ իր հերթին մեծացրել է ճնշումը ծախսերի վրա։

Հենց այս ամենի պատճառով արտահանման վրա աշխատող ընկերությունները կորուստներ են կրում։ Երբեմն այդ կորուստներն անհամատեղելի են դարձել ակնկալվող շահույթի հետ։ Արդյունքում՝ ընկերությունների մի մասն արդեն սկսել է վնասով աշխատել։ Վնասները նվազեցնելու համար կրճատում են աշխատակիցներին, ինչը մեծացրել է գործազրկության ակտիվացման ռիսկը։

Ի դեպ, ըստ ոլորտի պատասխանատուների, որոշ տեղերում արդեն իսկ դադարեցվել են զարգացման ծրագրերը։ Նշենք, որ սա վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել վաղաժամ ռեցեսիայի, եթե ժամանակին քայլեր չարվեն դրամի ամրապնդման ու տարադրամի թուլացման հետևանքները տնտեսության արտահանելի հատվածի վրա մեղմելու համար։ Այլ հարց, թե ո՞վ պիտի անի այդ քայլերը, եթե ոչ՝ իշխանությունները։ Արդեն տևական ժամանակ է, դրամն ամրապնդվել է՝ վնասելով տնտեսության արտահանելի հատվածին, բայց մինչև հիմա իշխանությունները ոչինչ չեն արել այդ վնասները մեղմելու և տնտեսությանն օժանդակելու համար։ Այլ կերպ ասած՝ դանակը հասել է ոսկորին, և միայն հիմա է, որ իշխանությունները հիշել են, որ խնդիրը հրատապ լուծում է պահանջում։

Նշենք նաև, որ արդեն մի քանի ամիս է, արտահանողներն ահազանգում են դրամի ամրապնդման տնտեսական հետևանքների մասին։ Այդ ընթացքում կառավարությունը լռել է՝ հավանաբար հույսը դնելով այն բանի վրա, որ դրամի ամրապնդումն այսքան երկար չի շարունակվի և շուտով կդադարի։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չէ։ Դրամն էապես ամրապնդվել է և այսօր էլ շարունակում է 15-20 տոկոսով արժևորված մնալ դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Դրա հետևանքով այդ արժույթներով ֆինանսական միջոցներ գեներացնող մեծ թվով տնտեսվարողներ լուրջ կորուստներ են կրում։

Ըստ էության՝ հարցի լուծումն էկոնոմիկայի նախարարությունում տեսնում են տնտեսության արտահանելի հատվածում սուբսիդավորման մեխանիզմներ կիրառելու մեջ։ Թեմայի հետ կապված՝ նախարարության պատասխանատուներից մեկը նշել է․ «Եթե դոլարի փոխարժեքը նվազել է մոտ 100 դրամով, ապա կնքված պայմանագրերի արժեքը պետք է սուբսիդավորվի մեկ դոլարի դիմաց առնվազն 50 դրամ բանաձևով։ Այնպես որ, կամ սուբսիդավորում ենք, կամ իջեցնում ենք դրամի փոխարժեքը»։

Այստեղ կարևոր է արձանագրել, որ, մինչև բոլորովին վերջերս, կառավարությունից Կենտրոնական բանկին էին մեղադրում, որ չի արժեզրկում դրամը։ Եվ միայն վերջին շրջանում են մի քիչ խելքի եկել, որ դրամի էժանացումը հարցի խելամիտ լուծում չէ, որովհետև դրա հետևանքով այլ խնդիրներ են առաջանում, իսկ հիմա արդեն փորձում են համատեղ միջինացված ինչ-որ լուծում գտնել։ Այնպես, որ, ինչպես տնտեսության, այնպես էլ գնաճի հետ կապված, կորուստները համեմատաբար քիչ լինեն ու հավասարակշռված։

Հավելենք, որ օրերս տնտեսության առավել շատ տուժած ճյուղերից մեկի՝ ՏՏ ոլորտի մասնակիցների պահանջով համատեղ քննարկում էր կազմակերպվել կառավարության ֆինանսատնտեսական բլոկի ու ԿԲ մասնագետների մասնակցությամբ, որի նպատակն առաջացած խնդիրներին լուծումներ տալն է եղել։ Զարմանալիորեն, փոխանակ կառավարությունը հանդես գար նման առաջարկությամբ, ՏՏ ոլորտի մասնակիցներն են ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ոլորտի արտահանմամբ զբաղվող ընկերություններին։ Արդյունքում որոշվել է ներկայացված նախագիծը քննարկել պետական կառավարման մարմիններում և, ըստ այդմ, հաստատել պետական աջակցության հնարավորությունները։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ աջակցության մասին է խոսքը, բայց դա կարող է լինել տարբեր ձևերով ու եղանակներով։

Ըստ էության՝ նման ձևերից մեկը, ինչն առաջարկել է էկոնոմիկայի նախարարությունը, արտահանման պայմանագրերի սուբսիդավորումն է՝ տարադրամի փոխարժեքի տեսքով։ Մեկ այլ տարբերակով՝ այդ աջակցությունը կարող է արտահայտվել որոշակի ժամկետով հարկային արտոնությունների տրամադրման ձևով։ Խոսքը, մասնավորապես, եկամտային հարկի գծով արտոնության տրամադրման մասին է, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտի ընկերությունների վնասները գոյանում են հիմնականում այս հատվածում։ Ի դեպ՝ օժանդակության այլ տարբերակներ էլ կարող են լինել, բայց դա միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով չի կարող սահմանափակվել, որովհետև այս իրավիճակից տուժողների շրջանակը շատ ավելի լայն է։ Այն ներառում է ոչ միայն ծառայությունների, այլև ապրանքների արտահանումը։

Ինչպես հայտնի է՝ դրամի ամրապնդումից տուժած ոլորտներ կան նաև ներսում, որոնք կապված չեն արտահանման հետ․ օրինակ՝ շինարարությունը։ Ներկայումս այն, ինչ տեղի է ունենում, կարող է հանգեցնել շինարարական հերթական փուչիկի պայթյունին՝ իր հետևից թողնելով բազմաթիվ խաբված քաղաքացիների, ովքեր սպասում են իրենց բնակարաններին։ Կառուցապատողները քաղաքացիների և այլ պատվիրատուների հետ պայմանագրերը շատ դեպքերում կնքել են դոլարին համարժեք դրամով, և հիմա, երբ դրամն ամրապնդվել է, հայտնվել են ֆինանսական բարդ իրավիճակում։ Մի կողմից՝ էժանացել է դոլարը, մյուս կողմից՝ թանկացել են շինանյութերը՝ թանկացնելով նաև շինարարության նախնական արժեքը։ Եթե այս վիճակը երկար շարունակվի, կարող է բազմաթիվ կառուցապատողների համար բերել շատ վատ հետևանքների։ Նրանք կարող են սնանկանալ և ի վիճակի չլինեն կատարել ստանձնած պարտավորությունները պատվիրատուների առաջ։

Արմեն Հովասափյան