Հաճախ, երբ խոսք է գնում բարձր գնաճի պայմաններում մարդկանց եկամուտների անհամաչափ ավելացման մասին, իշխանություներն առաջ են քաշում աշխատավարձի աճի ցուցանիշները՝ փորձելով ցույց տալ, որ աշխատավարձերն ավելի արագ են աճել, քան գները։ Այս թեզը շրջանառվում է հատկապես կառավարության նիստերում։ Ի դեպ կարևոր է փաստել, որ աշխատավարձերի ու աշխատատեղերի վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարություններն ունեն հենց այդ նպատակը։ Դրանով փորձում են համոզել, որ գնաճից աշխատող քաղաքացիները չեն տուժել, նրանց աշխատավարձերն ավելի շատ են բարձրացել, քան գնաճն է եղել։ Լրիվ այլ հարց է, թե միջին աշխատավարձի այդ աճը ինչպե՞ս է բաշխվել աշխատող քաղաքացիների վրա։
Բանից պարզվում
է՝ հենց այստեղ է, որ թաքնված է շան գլուխը, և որի մասին իշխանությունները գերադասում
են չխոսել։ Թեև դրանով չէ, որ որոշվում է, թե մարդիկ ինչպես են զգում գնաճի ու աշխատավարձերի
աճի ազդեցությունն իրենց վրա։ Պաշտոնական տվյալներով, իսկապես միջին աշխատավարձի աճը
Հայաստանում այս տարի գերազանցել է գնաճը. խոսքը՝ իհարկե, միջին գնաճի մասին է։ Դրան զուգահեռ՝ առաջին անհրաժեշտության
ապրանքների, մասնավորապես, սննդամթերքի պարագայում գնաճն անհամեմատ բարձր է, շատ ավելի
բարձր, քան միջին աշխատավարձի աճն է։ Բայց համարենք, որ գնաճի ազդեցությունը կախված
է միջին աշխատավարձից։ Այդ համադրությամբ էլ փորձենք հասկանալ, թե բարձր գնաճի պայմաններում
տարբեր ոլորտներում ինչպես են փոխվել աշխատավարձերը։
Ըստ պաշտոնական
տվյալների՝ մայիսին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 220,5 հազար դրամ։ Նշենք,
որ նախորդ տարվա նույն ամսին գրեթե 176 հազար դրամ էր։ Ասել է թե՝ աճը նախորդ տարվա
համեմատ 11,8 տոկոս է։ Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է 9 տոկոսանոց
գնաճ, ավելի քիչ, քան միջին աշխատավարձի բարձրացումն է։
Ասվածից առաջին
տպավորությունն այն է, որ գործ ունենք գնաճի նկատմամբ աշխատավարձերի առաջանցիկ աճի
հետ։ Բայց երբ դիտարկում ենք աշխատավարձերի փոփոխությունները, ըստ ոլորտների, ակնհայտ
է, որ իրականությունը բոլորովին այլ է։ Գուցե և միջին աշխատավարձն ավելի արագ է աճել,
քան արձանագրված գնաճն է, բայց այդ աճը խիստ անհամաչափ է բաշխվել տնտեսության տարբեր
հատվածներում զբաղված քաղաքացիների վրա։
Նշենք, որ բազմաթիվ
ոլորտներում միջին աշխատավարձի աճը շատ ավելի ցածր է եղել, քան գնաճն է։ Մասնավորապես՝
մայիսին 9 տոկոսանոց գնաճի պայմաններում մշակող արդյունաբերության մեջ, որտեղ զբաղված
է 77 հազար մարդ, միջին աշխատավարձի աճը կազմել է ընդամենը 3,2 տոկոս։ Միջին աշխատավարձի
աճի տեմպը գրեթե 3 անգամ ավելի ցածր է եղել, քան գնաճինը։ Անցած տարվա մայիսին մշակող
արդյունաբերության մեջ միջին աշխատավարձը եղել է 183,5 հազար դրամ, այս տարի դարձել
է 189,3 հազար։ Ըստ էության, մեկ տարվա ընթացքում ավելացել է ընդամենը 5,8 հազար դրամով։
Իհարկե, տվյալ
դեպքում հասկանալի է, որ գնաճի և աշխատավարձի այսպիսի աճի պայմաններում այս ոլորտում
զբաղված քաղաքացիների սոցիալական վիճակն ավելի է վատացել, և ոչ մի նշանակություն չունի,
որ միջին աշխատավարձի աճը ամբողջ երկրի կտրվածքով ավելի բարձր է եղել, քան միջին գնաճն
է։ Ի դեպ՝ մշակող արդյունաբերության ոլորտում զբաղված 77 հազար մարդու վրա անգամ միջին
գնաճի ազդեցությունն անհամեմատ ավելին է եղել, քան աշխատավարձի աճը։
Ըստ էության,
այդքան խոսվում է շինարարության ոլորտում աշխատողների պահանջարկի մասին։ Թվում է, թե
դա պետք է նպաստավոր գործոն լիներ ոլորտում աշխատավարձերի բարձրացման համար։ Սակայն
վերջին մեկ տարվա ընթացքում շինարարության մեջ աշխատավարձերի աճը կազմել է հազիվ
3,4 տոկոս։ Անցած տարի միջին աշխատավարձը եղել է գրեթե 218 հազար, այս տարի դարձել
է 225 հազար։
Ընդգծենք, որ
առևտրում մեկ տարվա ընթացքում միջին աշխատավարձն ավելացել է 7,8 տոկոս։ Ավելի քիչ,
քան գնաճի միջին ցուցանիշն է։ Նշենք, որ այստեղ է զբաղված աշխատող քաղաքացիների ավելի
քան 17 տոկոսը։ Խոսքը 120 հազար մարդու մասին է։
Ամփոփելով նշենք,
որ միջին աշխատավարձի այն աճը, որն այդքան շահարկվում է, եղել է հիմնականում սահմանափակ
ոլորտների հաշվին, որտեղ առանց այդ էլ աշխատավարձերը բարձր են։ Սա եկամտային հարկի
համահարթ դրույքաչափի ներդրման ուղղակի հետևանքներից մեկն է, ինչը խորացրել է բևեռացումն
աշխատող քաղաքացիների իրական եկամուտների միջև։ Բոլոր առումով աշխատավարձերի աճի առաջատարը
ՏՏ ոլորտն է։ Վերջին տվյալներով, միջին աշխատավարձն այստեղ հասել է 873 հազար դրամի՝
աճելով գրեթե 36 տոկոսով։ Անցած տարի 644 հազար էր։ Մեկ տարում ավելացել է 229 հազարով։
Հիմնականում սրա
հաշվին է եղել միջին աշխատավարձի պաշտոնապես արձանագրվող երկնիշ աճ։ Բայց այդ աճը քիչ
կապ ունի հարյուր-հազարավոր աշխատողների հետ։ Նրանց թվում են նաև պետական հատվածում
զբաղվածները, որոնց միջին աշխատավարձը մեկ տարվա կտրվածքով ավելացել է հազիվ 3,6 տոկոսով՝
9 տոկոսանոց միջին գնաճի պայմաններում։ Ըստ այդմ՝ դժվար չէ պատկերացնել, թե այդքան
չարչրկվող աշխատավարձերի աճը իրականում ինչի հաշվին է եղել և ինչպիսի ազդեցություն
է ունեցել աշխատող քաղաքացիների մեծ մասի վրա՝ այսպիսի բարձր գնաճի ու համատարած թանկացումների
պայմաններում։
Արմեն Հովասափյան









