Հուլիսի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն է պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մեր երկրում հաշմանդամություն ունեցող ուղևորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունների կատարմամբ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Հեղինակի կողմից օրենքում նախատեսվող փոփոխությունները և առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկները` այստեղ:
Զարուհի Բաթոյանի խոսքերով` հատկապես խոշորացված համայնքներում բնակիչները պետք է համոզված լինեն, որ նոր տրանսպորտային երթուղին կամ նոր ավտոպարկը պետք է լինեն մատչելի և հարմար բոլորի համար` հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, մանկասայլակներով տեղափոխվող ծնողների և այլն:
Հարակից զեկույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ըստ նրա` նախագիծը կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը բարելավելու տեսանկյունից: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:
Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաև Զարուհի Բաթոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը:
Օրենքում նախատեսվող բոլոր փոփոխությունները` այստեղ:
Հարակից զեկույցում պատգամավոր Մարիամ Պողոսյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը ևս դրական է:









