Foto

Իշխանությունն ինձ պատանդ է պահում. Ա. Չալաբյանի բացառիկ հարցազրույցը կալանավայրից

«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը, ով այս օրերին կալանավորված է, Oragir.news-ին բացառիկ հարցազրույց է տվել կալանավայրից, որը ներկայացնում ենք ստորև:

 -Պարո՛ն Չալաբյան, ընդդիմադիր շարժումը, որին նաև ակտիվ մասնակցում էիք Դուք, այժմ սահմանափակվում է շաբաթը մեկ անգամ երթերով, շատերի կարծիքով՝ այն մարել է։ Ձեր կարծիքով՝ այս ընթացքում ընդդիմությունը ինչ սխալներ է թույլ տվել։ 

-Նախ կցանկանայի սկսել նրանից, որ որ ընդդիմադիր շարժումը բոլոր դեպքերում կարևոր ձեռքբերումներ է արձանագրել։ Առաջինն ու թերևս ամենակարևորը՝ այն մեր ժողովրդին հանել է այն խորը հետպատերզամյան ընկճախտից, որի մեջ նրան ընկղմել էր գործող իշխանությունն իր հակազգային, պարտվողական պրոպագանդայից՝ փորձելով 44-օրյա պատերազմում իրենց իսկ մեղքով կրած պարտությունը ներկայացնել որպես հայ ժողովրդի հավաքական անկարողության ապացույց և թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ անձնատուր լինելու անխուսափելիություն։ Մեր ժողովուրդն իր մեծամասնության մեջ արդեն գիտակցում է, որ պատերազմում կրած պարտությունը ազգի մահվան դատավճիռ չէ, ուղղում է իր մեջքը և պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը, արժանապատվությունը և օրինական իրավունքները։ Երկրորդ՝ մեր տարածաշրջանում ներկա միջազգային խաղացողները, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը, գիտակցում են, որ իրենք գործ ունեն ոչ միայն Հայաստանի խամաճիկային, օր առաջ անձնատուր լինելու պատրաստ իշխանությունների հետ, այլև կազմակերպված ուժի, որն ունի Հայաստանի և Արցախի բնակչության զգալի մասի, եթե ոչ մեծամասնության աջակցությունը և ստիպված է հաշվի նստել նրա հետ։ Դա արտահայտվում է նաև նրանց հռետորաբանության և վարքագծի փոփոխություններում, համենայն դեպս, ապրիլի վերջին, երբ սկիզբ առավ ընդդիմադիր շարժումը, նրանք Հայաստանից ոչ մի բացահայտ զիջում այլևս չեն կարողացել կորզել։ Դրանով հանդերձ՝ չեմ կարծում, որ «Դիմադրություն» շարժումը պետք է բավարարվի ձեռք բերվածով։ Առջևում Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիմակայության դեռ բազմաթիվ տարիներ են սպասվում, մինչև այդ երկրներում իշխանության կգան ավելի խաղաղասեր և կառուցողական վարչակարգեր, և մեզ՝ հայերիս, ևս անհրաժեշտ է ունենալ այնպիսի իշխանություն, որն այդպիսի պայմաններում ընդունակ է հետևողական պաշտպանելու, առաջ մղելու մեր ազգային շահերը։ Ուստի մեզ ոչ միայն պետք է հասնել գործող իշխանության հեռացման, այլև նրա փոխարեն ձևավորել նոր իշխանություն՝ շատ ավելի կոմպետենտ, հետևողական, ռազմական մտածողությամբ և ռազմավարական մտածողությամբ և մեզ շրջապատող բարդ աշխարհի հետ արդյունավետ հարաբերվելու ընդունակ։ Սա պայքարի հաջորդ քայլի խնդիրն է։ 

-Ձեր կարծիքով՝ արդյոք պայքարն ունի նոր հեռանկար, ինչ պետք է անել այն կրկին նոր թափով սկսելու համար։ 

- Կարծում եմ՝ այս ամենը հեշտ չէ, սակայն հրամայական անհրաժեշտություն է մեր երկրի ինքնիշխանության պահպանման, պետականության կորստից խուսափելու համար։ Ի վերջո, մենք տեսնում ենք, թե մեզ շրջապատող, կրկին թեժացող և ռազմական խոշոր հակամարտությունների ժամանակաշրջան թևակոխաղ աշխարհում ինչպես են կործանվում ամբողջական պետություններ կամ դառնում այլ խոշոր պետությունների համար զինված պայքարի թատերաբեմ։ Դա տեղի է ունեցել վերջին տարիներին Լիբիայում և Սիրիայում, հիմա՝ Ուկրաինայում և այսօր սպառնում է Հայաստանին, որը կարող է ևս մանրադրամ դառնալ գերտերությունների միջև մղվող պայքարում։ Մենք պետք է կանխենք դա, իսկ դա հնարավոր է միայն նոր որակի իշխանության ձևավորմամբ, որն իր գործունեության հիմքում կդնի երկարաժամկետ ազգային և պետական շահերը, հետևողականորեն կզբաղվի մեր երկրի անվտանգային համակարգի արդիականացմամբ և հզորացմամբ, կկարողանա օգտվելով բամաթիվ առկա հնարավորություններից՝ ամրապնդել մեր բանակցային դիրքերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Սա պահանջում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայության քաղաքական և կազմակերպչական ներուժի ծայրահեղ մոբիլիազացիան։ Դա հիմնովին ձախողել են գործող իշխանությունները իրենց արկածախնդիր և մերժողական գործելակերպով, սակայն այն արդյունավետ իրականացնելն արդեն այսօր պահանջում է ստեղծել կոնսոլիդացիոն մեխանիզմներ և հարթակներ բոլոր այն ուժերի համար, որոնք, եթե նույնիսկ ունեն փոխադարձ տարաձայնություններ ներքաղաքականան հարցերում, գիտակցեն արտաքին վտանգների օրհասական բնույթը և պատրաստ լինեն համագործակցել՝ այդ վտանգները չեզոքացնելու նպատակով։ Առաջիկա ամիսներին սա պետք է լինի «Դիմադրության» շարժման հիմնականնպատակը՝ առավելապես ընդգրկել նրանում ներառված ուժերի ներկապնակը՝ ներառելով նաև այնպիսի ուժերի, որոնք նախկինում ակտիվ չեն մասնակցել շարժմանը կազմակերպիչների պատճառով, թեև կիսում են նրա կողմից առաջ քաշած հիմնական օրակարգային նպատակները։ Սա իր հերթին պահանջում է ոչ թե պարզ, մեխանիկական գումարում, այլ հանրային քննարկումների շարք, որում տարբեր ուժեր համաձայնեցնում են շարժման ընդհանուր օրակարգը, մարտավարական որոշումներ ընդունելու մեխանիզմները, շարժման գործողությունների տրամաբանությունը, հետագայում նոր իշխանություն ձևավորելու սկզբունքները և այլն։ Եթե սա արվի բաց, հանրային և որակյալ, ինքնին կարևոր խթան կհանդիսանա շարժման նկատմամբ հանրության հետաքրքրության վերականգման, պայքարին նոր թափ հաղորդելու համար։ Շատ կարևոր է նաև հստակ պատասխաններ տալ հանրությանը մտահոգող առանցքային հարցերին․ եթե դուք գաք իշխանության, ի վերջո ի՞նչն եք անելու այլ կերպ, ո՞րն է երաշխիքը, որ խաղաղության կհասնեք, ի՞նչ գործոնների հաշվին և այլն։ Կարծում եմ, որ հիմա պետք է կենտրոնանալ այդ պատասխանների հստակեցման և նրանք մեր յուրաքանչյու քաղաքացուն հասցնելու վրա, հենց դա է հանդիսանալու պայքարին նոր թափ հաղորդելու հիմնական խթանը։

 -Ինչո՞վ եք Դուք խանգարում Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ են Ձեզ ամիսներ շարունակ պահում կալանքի տակ։

 -Կարծում եմ, որ այս հարցն առաջին հերթին պետք է տալ այն մարդկանց, որոնք ինձ ապօրինի քրեական հետապնդման են ենթարկում։ Ընդ որում, եթե դա այդքան ակնհայտ չէր նախկինում, ապա հուլիսի 9-10-ին տեղի ունեցած բաց դատական նիստից հետո, երբ գործի հանգամանքները բացահայտվեցին հանրության համար, իսկ դատավորը օրենքի տառին ակնհայտ հակառակ որոշում ընդունեց, կարծում եմ, որ այլևս կասկած չմնաց, որ գործող իշխանությունը, չարաշահելով իրավապահ համակարգի նկատմամբ իր միահեծան վերահսկողությունը, ինձ պարզապես պատանդ է պահում։ Իմ սեփական ենթադրությունն այն է, որ դա կապված է երկու հիմանկան գործոնների հետ։ Առաջինը՝ դեռ այն տարիներին, երբ ես աշխատում էի արտերկրում, իսկ Հայաստանում՝ սկսած 2014 թվականից, սկսեցինք բանակի ամրապնդմանն ուղղված հասարակական գործունեություն իրականացնելը, ենթադրաբար հայտնվեցի Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուշադրության տակ։ Դեռ այն ժամանակ Ադրբեջանի կառավարությունը պարբերաբար բողոքներ էր գրում մեր ընկերության միջազգային կենտրոնակայանին՝ պահանջելով ինձ պաշտոնազրկել։ Այն պահից սկսած, երբ տեղափոխվեցի Հայաստան, ոչ միայն իմ հասարակական, այլև մասնագիտական գործունեությունը նվիրեցի բանակի և Արցախի պաշտպանական համակարգի ամրապնդմանը։ Իմ գործունեությունը սկսեց ակնհայտորեն նյարդայնացնել Ադրբեջանի ղեկավարությանը։ Ուստի չեմ բացառում, որ այս մասով կա որոշակի ճնշում Հայաստանի վրա, իսկ գործող իշխանության համար դա պատեհ առիթ է՝ փորձել սահմանափակել իմ հանրային գործունեության այն մասը, որում իրոք ուղիղ վտանգ են տեսնում իրենց համար։ Գաղտնիք չէ, որ իշխանական պրոպագանդան փորձում է սեփական գոյության երկարակեցությունը հիմնավորել նախկինների հետ հակադրությամբ և նրա տարբեր անդամների սևացմամբ՝ հընթացս փորձելով մեր հանրությանը համոզել, որ ամբողջ պայքարը նախկինում թալանածը պահելու համար է։ Այս պայմաններում, երբ հրապարակ են գալիս նոր գործիչները, որոնք նախկին իշխանությունների գործունեությանը անմիջականորեն չեն առնչվել և նրանց բացթողումների համար որևէ կերպ պատասխանատվություն չեն կրում, նրանք միանգամից սկսում են ընդգծված վտանգ ներկայացնել գործող իշխանությունների համար, քանի որ ընդունակ են հօդս ցնդեցնել նրանց կողմից հնարած ներկաներ-նախկիններ կեղծ պարտադրանքը և որակյալ, իրական ու գրավիչ այլընտրանք առաջարկել մեր հասարակությանը։ Կարծում եմ, որ իմ դեպքում համընկել են այս երկու գործոնները, թերևս հենց այդ պատճառով է, որ գործող իշխանություններն առանձնահատուկ դաժանությամբ և ցինիզմով փորձում են իրականացնել իմ հետապնդումը։ Դրանով հանդերձ՝ համոզված եմ, որ դա իրենց սպասած արդյունքին չի բերելու, և իմ հանդեպ գործած ամեն ապօրինի քայլ միայն ավելացնելու է հետագայում դրա մեղավորների պատասխանատվության աստիճանը։ 

Մանրամասները՝ ORAGIR.NEWS-ում։