Foto

Սամվել Մարտիրոսյանի զգուշացումը. Tesla, Allegro era ու նման կայքերը մի օր ձեր գումարների հետ անհետանում են

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է  մեծ տոկոսով գումար տրամադրող կայքերի վտանգի մասին։

«Ինտերնետում տարածվում են բազմաթիվ կայքեր, որոնք առաջարկում են գումար ներդնել և շատ մեծ տոկոսով հետ ստանալ։ Աշխատում են կայքերը կրիպտոարժույթով, հիմնականում USDT: Binance կամ նմանատիպ լրիվ լեգալ կրիպտոբորսաների հետ են աշխատում։ Մի քանիսի անունները նշեմ․ Tesla, Allegro era և այլն։ Անունները անընդհատ փոխվում են։ Եվ իսկապես, առաջին շրջանում իրենք լավ էլ գումարը վերադարձնում են։ Բայց օրերից մի օր անհետանում են ձեր գումարներով»,-ասում է փորձագետը՝ նշելով, որ դրա հետևանքով  բազմաթիվ մարդիկ մեծ գումարներ են կորցնում։

Նրա խոսքով, սրանք աշխատում են ֆինանսական բուրգերի տրամադրությամբ, շահագրգռում են մարդկանց նոր մարդիկ բերել։

«Հեռու մնացեք նման կայքերից, բուրգերից։ Եթե ձեզ մեծ տոկոս են տալիս չեղած բանի համար, ապա դա կասկածելի բան է։ Ես ռեալ գիտեմ մարդիկ, որոնք մեքենան վաճառել են, գումարը դրել են նման կայքերում ու կորցրել»,-նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։