ՀՀ-ում 3 միլիոն բնակչությունից 500.000 մարդ սոված է մնում, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դիտարկումը։ Ի դեպ՝ նորություն չէ, որ Հայաստանում աղքատության մակարդակը բարձր է։ Բայց այս դիտարկման մեջ կա շատ ավելի մտահոգիչ մեկ այլ հանգամանք. թերսնվող բնակչության քանակը այս տարի կտրուկ ավելացել է. 3 ամսում՝ 80 հազարով։ Այլ կերպ, եթե նախկինում եղել է 420 հազար, երեք ամսում դարձել է 500 հազար։ Ստացվում է՝ տարեսկզբի առաջին 3 ամսում Հայաստանում թերսնվող մարդկանց քանակը աճել է 19 տոկոսով։ Հետագա ամիսների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան, բայց կասկած չկա, որ այդ թիվը շարունակել է աճել։
Նշված տվյալները խոսում
են մեր երկրում սրվող սոցիալական լարվածության ու դրան դիմակայելու՝ իշխանությունների
իրականացրած կամ չիրականացրած քաղաքականության մասին։ Այդ քաղաքականության արդյունքում
ունենք թերսնվող բնակչության թվի նման կտրուկ ավելացում։ Ընդգծենք, որ նշված թվերը
դեռ աղքատության իրական պատկերը չեն, քանի որ աղքատների թիվը Հայաստանում շատ ավելի
մեծ է, քան թերսնվողներինը։
Արձանագրենք, որ դեռևս
2020թ. պաշտոնական տվյալներով, աղքատ է եղել բնակչության 27 տոկոսից ավելին։ Տվյալ
դեպքում խոսքը 800 հազարից ավելի մարդու մասին է։ 2020թ., երբ գնաճը բավական ցածր էր
մեր երկրում, աղքատությունը նույնիսկ խորացել էր։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի
ունեցել աղքատության հետ վերջին 2 տարվա ակտիվ գնաճի ու համատարած թանկացումների պայմաններում։
Ի դեպ՝ անցած տարի գնաճը Հայաստանում կազմեց 7,7 տոկոս, իսկ արդեն այս տարի՝ 10,3 տոկոս։
Կասկածից վեր է, որ նման
բարձր գնաճի պայմաններում մեր երկրում աղքատությունը խորանալու այլընտրանք չունի։ Դրա
վկայությունն է նաև սոված մարդկանց քանակի կտրուկ աճը։ Դա նշանակում է, որ առաջիկա
ամիսներին թերսնվողների քանակը դեռ ավելանալու է, հատկապես որ, ի տարբերություն գնաճի,
եկամուտների շոշափելի աճեր չկան, առավել ևս՝ աղքատ բնակչության պարագայում։
Գաղտնիք չէ, որ, սոցիալական
խնդիրներին անդրադառնալիս, իշխանություններն ավելի շատ իմիտացիա են անում, քան իրականում
փորձում են աջակցել այդ խնդիրների լուծմանը։ Հայտարարում են ուսուցիչների աշխատավարձի
կտրուկ բարձրացման մասին, հետո պարզվում է, որ 31 հազարից ավելի ուսուցչական համայնքից դրանից օգտվում է ընդամենը 470-480-ը։ Այս տարի էլ օգտվողների թիվը կարող է հասնել,
ասենք՝ 1000 կամ 2000-ի։ Մնացածը շարունակելու են ստանալ այնքան աշխատավարձ, որքան
ստանում էին նախկինում։
Գրեթե նույն ցավոտ իրականությունն
է նաև թոշակների և նպաստների դեպքում։ Թոշակները և նպաստները բարձրացնելու փոխարեն՝
անկանխիկ առևտրի փոխհատուցման համակարգ են դրել, լավ իմանալով, որ շատերը չեն կարողանալու
օգտվել դրանից։ Ցույց են տալիս, որ սոցիալական օժանդակության ծրագրեր են անում, բայց
դրանց հիմքում այնպիսի մեխանիզմներ են դնում, որ հնարավորինս քիչ մարդ կարողանա օգտվել։
Մառազմատիկ զուգադիպությամբ,
այդպես է նաև տնտեսական ծրագրերի դեպքում։ Չորս տարի է՝ գյուղատնտեսության ծրագրից
են խոսում, բայց քչերն են, որ կարողանում են օգտվել դրանցից։ Պատճառը կրկին այն մեխանիզմներն
են, որոնք ոչ միայն անհնարին, այլև երբեմն պարզապես աննապատակահարմար են դարձնում դրանցից
օգտվելը։ Բնական է, որ այդպես իրականացվող ծրագրերի արդյունքներն էլ դրանք պիտի լինեն։ Պետք չէ
զարմանալ, որ գյուղատնտեսությունն անկումային է, իսկ սոցիալական իրավիճակը՝ լարված։
Ինչպես հայտնի է՝ վերջին
անգամ նվազագույն աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 2020թ., նույնը նաև նպաստներն
ու թոշակները։ Հենց այդ պայմաններում մեր երկրում տեղի է ունեցել աղքատության իրավիճակի
սրացում։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի նվազագույն աշխատավարձ, նպաստ ու թոշակ
չի բարձրացել։ Փոխարենը՝ շատ ավելի բարձր է գնաճը, ինչը լուրջ բեռ է դարձել մեր հասարակության
մեծ մասի համար։ Նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում 68 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական
զամբյուղն անցնում է 78 հազարից։ Տասը հազարով ավել, քան նվազագույն աշխատավարձն է։
Այս ամենը վկայում է այն
մասին, որ տարրական, ամենաառաջնային կարիքները բավարարելու համար նվազագույն աշխատավարձով
ապրողները ստիպված են կրճատել ծախսերը կամ պարտքով ապրել, իսկ այդպիսի քաղաքացիները,
ցավոք սրտի, մեր երկրում քիչ չեն։ Հայտնի է, որ նվազագույն աշխատավարձ է ստանում աշխատողների
20-25 տոկոսը, կամ որ նույնն է՝ գրեթե 150 հազար մարդ, ովքեր արտաքուստ աշխատում ու
աշխատավարձ են ստանում, բայց շարունակում են աղքատանալ։
Հենց սա է աղքատության
խորացմանը տանող ուղիղ ճանապարհը, որին բախվել է մեր հասարակությունն այս իշխանությունների
իրականացրած տնտեսական ու սոցիալական քաղաքականության և 4 տարվա «փառահեղ» ձեռքբերումների
արդյունքում։
Արմեն Հովասափյան









