Վերջին շրջանում, ի հակադրություն
որոշ փորձագետների, հարավկովկասյան տարածաշրջանում կրկին ակտիվ օրակարգ է վերադարձել
ռեգիոնալ «3+3» ձևաչափի մասին «խոսակցությունը»:
Ինչպես հայտնի է՝ վերջերս
այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ
«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում։ Այս ձևաչափի մասին հունիսի 8-ին
Թուրքիայում խոսել էր նաև Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով
(Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) երկրորդ հանդիպումը նախապատրաստվում
է և կկայանա առաջիկա ժամանակահատվածում։ Լավրովի այս հայտարարությանը հաջորդեց նրա
այցը Երևան, որտեղ Լավրովը նորից խոսեց ձևաչափի մասին: Նա կարծիք էր հայտնել, որ տարածաշրջանային
խնդիրների ու հարաբերությունների կարգավորմանը կարող է նպաստել նաև 3+3 տարածաշրջանային
հարթակի ռիթմիկ աշխատանքը, որը կդառնա լրացուցիչ խողովակ տարածաշրջանի երկրների և նրանց
հարևանների միջև երկխոսության հաստատման և բազմակողմ համագործակցության զարգացման համար:
Հատկանշական է այն, որ
թեմայի համատեքստում ուշագրավ ուղերձներ էր փոխանցել իրանցի անվտանգային բարձրաստիճան
պաշտոնյա, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
Վերջինս նշել էր, որ հավաքական համագործակցության ընդլայնումն առանց օտար ուժերի միջամտության
տարածաշրջանի ամենահրատապ կարիքներից մեկն է անվտանգության ապահովման համար։ Շամխանին
նաև նշել էր տարածաշրջանում տարածաշրջանային համագործակցության միջոցով խաղաղության
և կայունության հաստատման անհրաժեշտությունը և ասել, որ Իրանը աջակցում է այնպիսի ձևաչափերի,
ինչպիսին է «3+3»։
Ըստ էության, ստացվում է, որ «3+3»-ը
ուկրաինական պատերազմի ֆոնին շարունակում է մնալ տարածաշրջանային ուժերի օրակարգում,
և հաջորդ կանգառը նախատեսվում է Թեհրանում: Հավելենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը
կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ
ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան,
Իրանը և Ռուսաստանը։ Սակայն Վրաստանը շարունակաբար հերքում է իր մասնակցությունը Ռուսաստանի
հետ ունեցած խնդիրների պատճառով:
Նախօրեին տարածաշրջանային
զարգացումների կոնտեքստում կարևոր տեղեկատվություն հայտնվեց, ըստ որի՝ Փաշինյան-Էրդողան
առաջին հեռախոսազրույցն է կայացել ամենայն հավանականությամբ հայկական կողմի նախաձեռնությամբ,
քանի որ թուրք ժողովուրդը տոնում է մահմեդական զոհաբերության գլխավոր տոնը՝ Կուրբան
Բայրամը, իսկ Նիկոլ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով:
Կարևոր է փաստել, որ «3+3»-ի
մասին խոսակցությունները կրկին ակտիվացան Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերի չթուլացման
ֆոնին: Տրամաբանական ու բնական է, որ պատերազմը ցնցել է և շարունակելու է ցնցել միջազգային
հարաբերությունները՝ հետսովետական տարածքում և աշխարհում նոր կարգերի, վերադասավորումների
հանգեցնելով:
Դեռևս ռուս-ուկրաինական
պատերազմի սկզբին շատերը պատկերացնում էին, որ Ռուսաստանը շուտափույթ պարտություն
կկրի բոլոր ուղղություններով, և քանի որ դա տեղի չի ունենում, ավելին՝ շարունակվում
է դիվանագիտությունը, աշխատանքը պատերազմին զուգահեռ, տեղում տարբեր տարածաշրջաններում
փորձ են անում խնդիրներ լուծել: Եթե փորձենք ներկայացնենք ավելի պարզ, ապա տարածաշրջանային
հիմնական տերությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, որոնք բոլորն էլ ունեն իրենց
այս կամ այն խնդիրներն Արևմուտքի հետ, ավելին՝ ունեն համագործակցություն տարբեր ռեգիոններում,
ավելի ինտենսիվ՝ Մերձավոր Արևելքում։ Հասկանալով տարածաշրջանի գերկարևորությունը և
առանցքային նշանակությունը՝ գեոպոլիտիկ բևեռները ցանկանում են համագործակցության այդ ձևաչափը
տարածել նաև Հարավային Կովկասի վրա, որտեղ ակտիվության մեծ փորձեր է անում Արևմուտքը,
մասնավորապես՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը:
Ներկայումս կա կոնսենսուս
Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափով քննարկել տարածաշրջանային խնդիրների լուծման ձևաչափերը,
միաժամանակ սա փորձ է նաև նվազեցնելու Արևմուտքի ազդեցությունը:
Արմեն Հովասափյան









