Այսօր որոշել ենք քննարկում կազմակերպել, մեր տարբեր գործիչների ներգրավմամբ, որպեսզի կարողանանք շատ ավելի լայն կոնտեքստում տեղեկատվություն և վերլուծություն փոխանցել եռամսյա հավաքների և դրանց անհրաժեշտության և, բնականաբար, դրանց այս փուլում ներքաղաքական հետքի տեսանկյունից։ Այս մասին «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց՝ հավանաբար այսքան կենտրոնացում չլիներ այս թեմայի վրա, եթե երկու ամիս առաջ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը չհորդորեր, իսկ այդ դեպքում դա կարծես թե հանձնարարական էր իրավապահ մարմիններին հավաքագրելու քաղաքկան ակտիվություն ունեցող անձանց: Նաև նշվում էր բերման ենթարկվածներին ընդգրկել հավաքներին։
«Դրանից բացի պաշտպանության նախարարն է օրեր առաջ խորհրդարանի ամբիոնից հնչեցրել, որ մեկ ամիս էլ ինժիներական ամիս է լինելու: Իհարկե, այդ միտքը ևս ներքաղաքական «սոուսի» մեջ ներկայացվեց, թե ովքեր ուզում են հայրենիք փրկեն, կարող են ինժիներական աշխատանքներին մասնակցել։ Այս աշխատանքների հետ կապված ասեմ, որ ծավալային բավականին մեծ ճակատ կա, որովհետև նոր բնագիծ է ձևավորվել և անկախ նրանից, որ տարբեր հատվածներում մարդկային ներուժի ներգրավման անհրաժեշտություն կա, պետք է հասկանալ, որ հսկայական աշխատանք ենթադրում է տեխնիկական միջոցների ներգրավում։ Եվ ուղղակի ելնել ու հայտարարել, թե գիտեք ինչ կա՝ ով հայրենիքի մասին մտածում է, պետք է ներգրավի ինժեներական աշխատանքներում, ոչ միայն հարիր չէ պաշտպանության նախարարին, այլ առհասարակ ցույց է տալիս, թե իր էության մեջ պաշտպանության նախարարն ինչպես է մոտենում տարբեր կարևորագույն հարցերի կարգավորմանը և, իրականում, նրա խոսքում որքան է ընդգծված այդ ներքաղաքական բաղադրիչը»,- ասաց Աբրահամյանը։