Foto

Ղազինյանը չի հանդիսանում այն ռեսուրսային հայտնի անձը, որի հեռանալը «Հայաստան» դաշինքին էականորեն կվնասի․ քաղտեխնոլոգ

Ազգային ժողովում մի քանի օր է ինչ  կրկին թեժ իրավիճակ է ստեղծվել։  Բանն այն է, որ նախ հետ կանչվեցին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և ԱԺ տնտեսկան հանձնաժողովի նախագահ Վահե Հոկոբյանը։ Սրան հաջորդեցին նաև ընդդիմադիրների պաշտոններից հրաժարումներ։ Այսօր մանդատը վայր դրեց նաև Արթուր Ղազինյանը։ Մինչ այս, մանդատից հրաժարվել էր նաև Արթուր Վանեցյանն, ով նախապես հայտարարել էր, որ խորհրդարան չի գնալու։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ղազինյանը պատրասվում է միանալ Արթուր Վանեցյանի նոր ձևավորվող ուժին։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով Ղազինայնի մանդատից հրաժարվելն էական ազդեցություն չի թողնի քաղաքական դաշտում։

«Կան նաև այլ ասեկոսեներ։ Օրինակ՝ մանդատը վայր է դնում, որ միանա մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին։ Ինքը չի հանդիսանում այն ռեսուրսային հայտնի անձը, որի հեռանալը «Հայաստան» դաշինքին էականորեն կվնասի։ Իհարկե, երևույթը ցանկալի չէ, քանի որ դա թողնում է տպավորություն, որ ընդդիմությունը բաժան-բաժան է լինում։  Երբ ընդդիմությունը ինչ-որ փուլում հաջողություն չի ունենում, միշտ էլ նավը լքողներ լինում են։ Ուժը միասնության մեջ է։ առանձին  այդ պատգամավորը, թեև ունի մարդ-կուսակցություն, սակայն հաջողության չի հասնի»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան