Այսօր արդեն 21-րդ օրն է, ինչ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 50-ից ավելի հորատողներ գործադուլ են անում՝ աշխատավարձի բարձրացման պահանջով։
Գործադուլին միացած որոշ աշխատողներ արդեն իսկ աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել կոմբինատից։ Այս մասին Aysor.am-ին ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
«Ծանուցումներ ստացել են, և նրանց կարող են ազատել աշխատանքից՝ աշխատանքի վայրն ինքնակամ լքելու, աշխատանքի չներկայանալու համար, բայց, կարծում եմ՝ խնդրահարույց կլինի նրանց աշխատանքից ազատելը, որովհետև այնտեղ չկա տեղական արհմիություն, որն ընթացակարգային ձևաչափով կտանի նրանց հարցերը, կբարձրացնի բարձրագույն մարմիններում և կքննարկի։ Այսինքն՝ իրավունքների պաշտպանության մեխանիզմները տեղում բացակայում են, և առանց որևէ արհմիության մարդկանց ազատելն ինքնին խնդրահարույց է»,– ասաց նա։
Դուլգարյանը շեշտեց, որ դեռևս 2015–2016 թթ. այնտեղ ստեղծվել է անկախ արհմիություն, սակայն ընկերությունը չի ճանաչել դրա լիազորությունները, և աշխատակիցները մնացել են առանց օրենքով սահմանված կարգավորող մարմնի աջակցության։
Նա նշեց, որ գործադուլի մասնակիցներն անդրդվելի են, սակայն առայժմ որևէ առաջընթաց չկա։
«Այս պահին աշխատակիցները՝ շուրջ 50–60 հոգի, կանգնած են Ախթալայի կոմբինատի դարպասների մոտ, և պահանջները նույնն են մնացել։ Ավելին, ըստ գործադուլավորների, այլ վայրերից մարդկանց են բերել, որպեսզի իրենց փոխարեն աշխատեն, բայց, ըստ տեղեկությունների, այս պահին նրանց ավելի բարձր են վճարում, քան կվճարեին գործադուլավորներին, սակայն միևնույն է՝ ընդառաջ չեն գնում»,– ասաց Դուլգարյանը։
ՀԿ ներկայացուցիչը նշեց, որ որքանով տեղյակ է՝ նոր աշխատողներին բերել են այլ մարզից, ըստ լուրերի՝ Գեղարքունիքից․
«Չեմ կարծում, որ այդ մարդիկ նեղ մասնագետ հորատողներ են, որովհետև այնտեղ մարդիկ կան, որոնց ճանաչում եմ․ տարիների ընթացքում աշխատել են, սովորել են, ձեռք են բերել փորձ։ Կարծում եմ՝ նման փորձառություն ունեցող մարդկանց կրկին կգտնեն։ Կան տեղեկություններ, որ Գեղարքունիքից են բերել։ Հարցն այն է, թե որքանով են նեղ մասնագետ այդ նոր աշխատողները»։
Դուլգարյանի խոսքով՝ գործադուլին մասնակցում են ոչ թե բոլոր աշխատողները, այլ կարևոր, բայց քանակով փոքր խումբ, և գործատուի համար այդ հարցը «համեմատաբար հեշտ է», քանի որ մարդկանց արդեն բերել են։
Նա հավելեց, որ համայնքային իշխանությունները փորձել են միջնորդ հանդիսանալ և հարցը կարգավորել, սակայն արդյունքի չեն հասել։ Կոմբինատը պնդում է, թե ֆինանսական դժվարություններ կան և այս պահին չեն կարող աշխատավարձերը բարձրացնել։
Դիտարկմանը, թե հաշվի առնելով գործադուլավորների հիմնավորումները՝ մետաղների գները մի քանի անգամ թանկացել են, բայց աշխատավարձերը նույնն են մնացել, արդյո՞ք դժվար է աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնել՝ Դուլգարյանը նշեց, որ կարող է միայն ենթադրել, թե ինչու այդ քայլին չեն գնում․
«Քանի որ աշխատակիցների փոքր մասն է գործադուլ անում, կան օբյեկտիվ մտավախություններ, որ եթե փոքր թվի պահանջները բավարարվեն, ապա ավելի մեծ թվով մարդիկ կմիանան։ Խոսքը մոտ 500 աշխատակցի մասին է, որոնք նույնպես կպահանջեն բարձրացում։ Կարծում եմ՝ խնդիրը հենց այդտեղ է։ Սակայն, ամեն դեպքում, հորատողների աշխատանքը ծանր, ռիսկային և դժվար է, և տրամաբանական է, որ այն պետք է ավելի բարձր վարձատրվի»։









