Foto

Սյունիքի գեոպոլիտիկ առանձնահատկությունը

Վերջին շրջանում հետևելով տեղի ունեցող հայ-ադրբեջանական երկխոսությանը` պարզ է դառնում, որ այն վերաբերում է հարցերի բավական լայն շրջանակի, որտեղ ամբողջովին բացակայում է Արցախը։ Երկու կողմերն, ըստ էության, խոսում են սահմանազատում և սահմանագծում, ապաշրջափակում, հաղորդակցություններ, բայց ոչ երբեք՝ Արցախի կարգավիճակի մասին։ Ընդ որում, Ալիևը պարբերաբար հասկացնում է, որ կարևորագույն հարցերի մասին պայմանավորվածությունները, որպես կանոն, ձեռք են բերվում բանավոր փոխըմբռնմամբ՝ մինչև համապատասխան փաստաթուղթ կնքելը։ Դեռևս 2020-ի դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհի զիջումից մինչև Արցախի վերջնական օտարումը նույն շղթայի մի մասն են, որտեղ ակնհայտ ոտնահարվում է պետական շահը. նախ բանավոր խոստում է տալիս, ապա փաստաթղթավորում։ Արդյունքում՝ Հայաստանի հարավի անվտանգությունն այսօր լուրջ սպառնալիքի տակ է, և Սյունիքը հայտնվել է թշնամու օղակման մեջ։
Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբևէ ո՛չ սահմանագծել, ո՛չ էլ սահմանազատել են իրենց տարածքները, դրա համար երկկողմ հանձնաժողով երբեք ստեղծված չի եղել։ 1921-ին, Մյասնիկյանն ու Նարիմանովը երկու պետությունների մոտավոր սահմանորոշում են արել լեռնագագաթների երկայնքով, բայց սահմանազատում և առավել ևս սահմանագծում երբեք տեղի չի ունեցել։ Դա մի գործընթաց է, որը պահանջում է տարիների, անգամ տասնամյակների տևական տքնանք՝ ամեն քար ու թուփ, բարձունք ու բլրակ, լճակ ու առվակ գույքագրելով։ Օրը ցերեկով ականատես ենք լինում, թե ինչպես է Բաքուն, օգտվելով հայաստանյան իշխանության թուլակամությունից, հնարավորինս արագացնում` հայկական տարածքներն իրեն վերագրելու աշխատանքի կազմակերպումը։
Վստահաբար կարող ենք փաստել, որ Հարավային Կովկասի համար ընթացող դիրքային ազդեցության ահեղ պայքարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միտումնավոր, ինչպես նաև ապաշնորհության արդյունքում չկողմնորոշվեց, վանեց դաշնակիցներին ու բարեկամներին և դարձավ կենսատարածքի կորստի հեղինակը։ 
Եթե բացենք դիվանագիտական փակագծերը, ապա, այսպես կոչված, «հայկական խաչմերուկ» հորջորջված անհեթեթությունն իրականում այլ բան չէ, քան ՀՀ տնտեսական շրջափակման և մեկուսացման խորացում։ Պարզ է, որ թշնամին նպատակադիր է ամեն գնով բացել «Զանգեզուրի միջանցքը», բայց ինչո՞ւ է ՀՀ իշխանությունն ինքը քարոզում Սյունիքի լայնքով կառուցվելիք ճանապարհի կամ միջանցքի՝ տնտեսապես արդյունավետ լինելը։ Նախ, նման հաշվարկներ դեռևս արված չեն, բացի այդ՝ Ադրբեջանի տարածքով հայկական կողմին հաղորդակցության ուղիներ տրամադրելու դեպքում անվտանգության որևէ երաշխիք չկա։ Իշխանության ոգևորության աղբյուրը թերևս այն է, որ թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել Սյունիքում իրեն միջանցք կամ ճանապարհ տրամադրելու դեպքում Նախիջևանից Իգդիր, ապա դեպի Կարս երկաթուղի կառուցել։
Աներկբա է այն հանգամանքը, որ հարավկովկասյան տարածաշրջանային բոլոր հաղորդակցուղիները շրջանցում են Հայաստանը և միակ ուղղությունը, որով Հայաստանն ունի բնական շրջանցիկ հետաքրքրություն, հարավն է՝ Սյունիքը։ Եթե Փաշինյանի վարչախումբը որևէ ձևակերպմամբ փաստացի միջանցք տա Բաքվին ու Անկարային, Հայաստանը շրջանցվելու է նաև հարավից։ Ոչինչ չստանալով՝ մեր երկիրը, որպես խնդրարկու, դարձյալ ստիպված է լինելու դիմել հարևաններից մեկին և հայցել ելք դեպի աշխարհ։ Այլ կերպ ասած՝ տրամադրելով որևէ տիպի հատված Սյունիքից՝ մենք կորցնում ենք մեր նշանակությունն ամբողջ Հարավային Կովկասում՝ դառնալով շարքային ուզվոր։ 
Արմեն Հովասափյան