Foto

Փաշինյանն իր ասուլիսով հերթական ջրբաժանը գծեց

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, բայց առանց մամուլի մեծ մասի։ Լրատվական դաշտի մեծամասնությունը հայտարարել է, որ հարցեր չեն ուղարկելու վարչապետին։ Բանն այն է, որ նախորդ տարվանից սկսած վարչապետը սկսեց պատասխանել միայն նախապես ուղարկված և ընտրված հարցերին։ Լրատվականներից շատերն էին դժգոհություն հայտնում, որ իրենց հարցը զրուցավարը չի հնչեցնում։ Եթե ոչ ցանկալի հարցերը չեն ընթերցվում, ապա ինչո՞ւ դրանք ուղարկել և լեգիտիմացնել կեղծ ժողովրդավարության մասին պատկերացումները։ Մամուլի ներկայացուցիչները վարչապետից մեկ բան են պահանջում՝ վերադառնալ շփման։

Վարչապետ Փաշինյանը 2019-թվին հարցազրույց է տվել 17 անգամ, 2020-ին՝ 34, իսկ ահա 2021-ին՝ ընդամենը 5 հարցազրույց։ Ընդ որում պաշտոնավարման առաջին երկու տարիներին Փաշինյանն ունեցել է 6 մեծ ասուլիս, որտեղ ներկա էին և հարցեր հղելու հնարավորություն ունեին այս երկրի շատ թե քիչ հայտնի բոլոր լրատվամիջոցները։ Դրանք տևում էին 5-6 ժամ։ 

2020թ․ 44 օրյա պատերազմից հետո նման ֆորմատով ասուլիս չի եղել։ Ավելին՝ ժողավրդավարությունը, որպես բրենդ հռչակած վարչապետը լրագրողների հարցերից խուսափում է նաև հանրային միջոցառուների ժամանակ։ Օրինակ, երբ վերջինս այցելում է Եռաբլուր, Սարդարապատ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կամ այլ վայրեր, այնտեղ որտեղ լրագրողները կարող են մոտենալ իրեն, տարածքը ոստիկանական մեծ ուժերով փակվում է և արգելվում է լրագրողների մուտքը՝ մինչ Փաշինյանի հեռանալը։

Տարիօրինակ է, որ երբեմնի լրագրողը, ով ԱԺ ամբիոնից խոսում էր լրագրողների իրավունքներից, ասում, որ պետք է իր պես համարձակ լինեն, հիմա ամեն ինչ անում է նախկին գործընկերների մասնագիտական աշխատանքն խոչընդոտելու համար։ Այս ոլորտում մի շարք օրենսդրական փոփոխություններ արվեցին՝ արգելեցին անանուն աղբյուրի կիրառումը, օրենսդրորեն ամեն  ինչ արվեց լրատվականների ֆինասավորումը կրճատելու համար, փակվեցին հեռուստաընկերություններ և առցանց պարբերականներ, որոշները զրկվեցին համասփյուռ հերարձակումից, ԱԺ-ում լրագրողներին արգելեցին մի շարք գործողություններ անել, հեռացրեցին նույնիսկ իրենց համար նախատեսված օթյակից։ Չնայած այս ամենին լրագրողական հանրությունում չկար պառակտում, չկային սևեր և սպիտակներ։  Այս ասուլիսը գծեց նաև այդ ջրբաժանը։ Արդեն կան Փաշինյանին հարցեր ուղարկող և չուղարկող լրատվականներ, որոնք ամեն մեկն իր հերթին կստատան իրենց գովասանքն ու պատիժը, իսկ գործընկերային այն դրական հարաբերությունները, որ կային միմյանց միջև՝ կսրվեն։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան