Foto

Ակնհայտ է, Սամվել Կարապետյանի ուժը ֆավորիտ է, նրանց հետ բանակցում ենք. Լևոն Զուրաբյան

Մենք ընտրել ենք ճկուն մոդել, բայց չնայած մեր վճռականությանը՝ իմաստալից ու բովանդակալից միավորում առաջարկվելու դեպքում կարող ենք գնալ կոմպրոմիսային ծրագրի ստեղծման ուղղությամբ: Ընդունելի թեկնածուներից չեմ խոսի, բայց ակնհայտ է, որ հիմա կա ֆավորիտ՝ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, իրենց հետ բանակցում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:


«Ես խոսում եմ լայն համախմբման մասին, այն քաղաքական ուժերը՝ որոնք իրատեսական են ու կիսում են մեր ծրագրերը, կարող են նույն  ցուցակով գնալ ընտրությունների:

Նիկոլ Փաշինյանի մասով՝ իրենք ասում են, որ լավ թե վատ, բայց խաղաղության ծրագիր ունեն ու ալտերնատիվ չկա, բայց սա մեծ սուտ է, քանի որ «Հայ ազգային կոնգրես»-ը հանդես է եկել ծրագրով, որի գլխավոր գաղափարը կայանում է նրանում, որ ստեղծվի Հայաստանը Իրանին կապող երկաթուղի, դա շատ լավ մշակված պրոեկտ է: Մենք մեր ձեռքում դա ունենք, ու իշխանության գալուց առաջին խնդիրը դրել ենք աշխարհաքաղաքական բալանսը վերականգնելը:


Մենք հասկանում ենք, որ կան միջազգային պարտավորություններ ու դրանք մերժել չենք կարող, բայց կարող ենք բարելավվել խաղաղության պրոցեսը՝ վերականգնելով մեր ինքնիշխան իրավունքը: Ես շատ մեծ անվստահություն ունեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարություների վերաբերյալ, հիմա խաղաղության ոչ մի երաշխիք չկա, սա ընդամենը նախընտրական զինադադար է, որը Ալիևը կնքել է Հայաստանի հետ միայն մեկ նպատակով՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամրապնդելու»: