Foto

Ոտնահարված ժողովրդավարության առօրյան

Նորություն բացահայտած չեմ լինի, եթե փաստեմ, որ ինչպես շատ այլ ոլորտներում ժողովրդավարության հետ կապված փաշինյանական ավանտյուրան շարունակվում է։ «Հայկական ժողովրդավարությունը», որը Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն՝ մանիպուլյացնելով, դարձրել է իբրև Հայաստանի բրենդ, որևէ աղերս չունի իրական ժողովրդավարության հետ։ Իրականում շատ հնարավոր է, որ Փաշինյանն ուղղակի անկեղծորեն չի հասկանում դա, քանի որ որպես մակերեսային դատողություններ ունեցողի՝ նրա համար ժողովրդավարությունը միայն ընտրությունների օրը տեղի ունեցող ակտն է։ Սակայն փաստ է, որ իրականության մեջ ընտրական փուլը ժողովրդավարության տեսանելի, բայց մակերեսային արտահայտություն է։

Դասագրքային ճշմարտություն է, որ ժողովրդավարության բովանդակությունն արտահայտվում է առաջին հերթին ու առավելապես պետական կառավարման համակարգում կայացվող որոշումների գործընթացի մասնակցայնության աստիճանով, դրանում հակակշիռների ու փոխզսպումների համակարգերի առկայությամբ։ Գաղտնիք չէ, որ այդ առումով, Հայաստանում բոլոր այդ համակարգերն առկա են, բայց միայն ձևականորեն։

Հընթացս հետևելով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին և պետական ինստիտուտների տարանջատմանը՝ կարող ենք ընդգծել, որ իշխանության թևերի տարանջատումն ունի զուտ ֆորմալ նշանակություն։ Գործող ԱԺ-ն նորանկախ Հայաստանի պատմության ամենաանդեմ, ամենաանինտելեկտ ու ամենաանինքնուրույն խորհրդարանն է։ Միանշանակ ֆանտաստիկայի ժանրից է պատկերացնել, որ այն որևէ, անգամ ամենաաննշան հարցում կարող է հակառակվել Նիկոլ Փաշինյանի կամքին։

Համապատասխանաբար գործադիր իշխանությունը, անպարկեշտության աստիճանի կամակատարների հավաքածու է, դրանում ընդգրկված են հասուն տղամարդիկ, ովքեր ամեն հինգշաբթի աշակերտի պարտաճանաչությամբ ոտքի են կանգնում՝ թեկուզև ղեկավարի, այդուհանդերձ, մեկ այլ տղամարդու ներս մտնելիս, իսկ ոմանք նրա նկարի առաջ ռիտուալներ են կազմակերպում։

Հանուն արդարության նշենք, որ իշխանության քիչ թե շատ ինքնուրույն թևը մնացել է (էր) դատական համակարգը, որը, սակայն, ամենօրյա փութաջանությամբ ենթարկեցվում է Նիկոլին։ Այսինքն՝ Հայաստանում հետևողականորեն ու մեթոդաբար կայանում է անձնիշխանության կուռ համակարգ, որի մասնիկներն ընդամենն արտաքին տեսքի համար ապահովում են ժողովրդավարության պատրանքը։ Բովանդակային առումով բոլոր որոշումները կայացվում են մեկ մարդու կողմից ու մեկ մարդու կամքով, իսկ մնացած բոլոր համակարգերը զբաղված են այդ որոշումների իրագործմամբ։

Ըստ էության, չի բացառվում, որ որոշ հարցերում Փաշինյանը խորհրդակցում է իր շատ նեղ թիմակիցներից մի քանիսի հետ, բայց նրանց թիվը լավագույն դեպքում կարող է հաշվվել մեկ ձեռքի մատներով։ Հետևաբար՝ իրականում Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ կառավարական ամառանոցում գտնվող «ժողովրդավարության տաղավար», որում լավագույն դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է հավաքել իր մի քանի թիմակցի և երկրի համար կենսական որոշումներ կայացնել։

Արձանագրենք, որ Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամն ունի շատ խորն արմատներ և պայմանավորված չէ միայն Փաշինյանի անձով, թեև վերջինս շատ մեծ դերակատարում ունի պետության հակադեմոկրատական կերպի ձևավորման գործում։ Ըստ էության, ավելի խորքային հարթությունում ժողովրդավարության, իրական ժողովրդավարության բացակայության աղբյուրը քաղաքական կուսակցություններում ժողովրդավարության չգոյությունն է։

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում այսօր գոյություն ունեցող կուսակցությունների գերակշիռ մասը մեկ անձի շուրջ ձևավորված միավորներ են, որոնցում ի սպառ բացակայում է ներքին ժողովրդավարությունը, կուսակցության մակարդակում որոշումները կայացվում են այդ անձի կողմից, իսկ մնացածը ծառայում են դրանց իրագործմանը։ Այսինքն՝ կուսակցությունների մեծ մասում գործում է անձնիշխանության այն նույն մոդելը, որը հաստատել է Նիկոլը պետական կառավարման համակարգում։

Ամփոփելով նշենք, որ Հայաստանի իրական ժողովրդավարացումը կարող է սկսվել միայն քաղաքական ուժերի ներքին ժողովրդավարացման միջոցով, սակայն այս պահին դրա անգամ մշուշոտ հեռանկարը տեսանելի չէ։

Արմեն Հովասափյան