Foto

Իշխանության քիմքին հարմարեցվող օրենսդրություն

Ինչպես հայտնի է՝ մի քանի օրից Հայաստանում կիրառության մեջ կմտնի կանխիկի սահմանափակման մասին օրենքը։ Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից սկսած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները 300 հազարը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ։ Ֆիզիկական անձանց համար նման գործարքների շեմը հուլիսի 1-ից 500 հազար է, որը հաջորդ տարվա սկզբից կդառնա 300 հազար դրամ։

Ի՞նչ է սա նշանակում. հուլիսի 1-ից հետո քաղաքացին այլևս չի կարողանա կանխիկով բազմաթիվ ապրանքներ, այդ թվում՝ ավտոմեքենա կամ բնակարան գնել, դրա փոխարեն նա պարտադրված է լինելու վճարել միայն անկանխիկ։ Բայց խնդիրը միայն բնակարան կամ ավտոմեքենա գնելու մեջ չէ։ Թեև դա արդեն լուրջ գլխացավանք է լինելու շատերի համար։ Մարդիկ նաև ֆինանսական կորուստներ են կրելու, քանի որ դրանք այն ապրանքներն են, որոնք գնանշվում են հիմնականում տարադրամով (չնայած օրենքն արգելում է, բայց շատերը վճարում են հենց տարադրամով)։

Ստացվում է, որ այս փոփոխությունից հետո գնորդը ստիպված է լինելու տարադրամը վերածել դրամի։ Վաճառողն իր հերթին, եթե իրեն տարադրամ է պետք, ստիպված է լինելու ստացված գումարը կրկին փոխարկել տարադրամի։ Արդյունքում՝ երկուսն էլ ֆինանսական կորուստ են ունենալու, ի դեպ՝ կորուստ են ունենալու նաև բանկային միջնորդավճարի ու կանխիկի ստացման ժամանակ, և միանշանակ է, որ այս պատմության մեջ շահելու են բացառապես բանկերը։

Կասկածից վեր է, որ երբ սկսի գործել կանխիկի սահմանափակման օրենքը, դա մի հսկայական խառնաշփոթ է առաջացնելու։ Հատկապես, երբ սահմանափակումը միայն ավտոմեքենա կամ բնակարան գնելու հետ չի կապված։ Բազմաթիվ կենցաղային ապրանքներ ձեռք բերելու ժամանակ ևս քաղաքացիները բախվելու են նույն խնդրի հետ՝ պարտադրված լինելով վճարել բացառապես անկանխիկ։ Դա ենթադրում է, որ նրանք պետք է ունենան բանկային քարտ կամ կարողանան օգտվել անկանխիկ վճարում կատարելու այլ հնարավորություններից։

Պատկերացնենք մի իրավիճակ, երբ ՀՀ հեռավոր մի գյուղում բնակվող քաղաքացին որոշել է իր տան համար սառնարան կամ մեկ այլ՝ 300 հազար դրամը գերազանցող ապրանք գնել, հուլիսի 1-ից նա պարտադրված է լինելու դրա դիմաց վճարել անկանխիկ՝ բանկային քարտով կամ այլ տարբերակով։ Ակնհայտ է, որ կառավարությանն այսօր քիչ է հետաքրքրում, թե այդ քաղաքացին ինչքանո՞վ է պատրաստ նման ձևով վճարել։ Որքան էլ համարենք, որ ապագան անկանխիկ վճարումներինն է, նման խիստ սահմանափակումներն ու պարտադրանքը պատուհաս են դառնալու շատերի համար։ Ասեմ ավելին,  սա միայն սկիզբն է, քանի որ անկանխիկ գործարքների սահմանափակումը լինելու է այդ շղթայի միայն առաջին օղակը։ Նպատակներն ավելի խորն են, քան շատերն այսօր կարող են պատկերացնել։

Գուցե շատերի համար տարօրինակ ու անհասկանալի թվա (դեռևս այս փուլում), այս դավադիր իշխանության հաջորդ քայլը լինելու է համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը, որպեսզի կարողանան ամբողջական տնօրինել մարդկանց եկամուտները։  Այս մասին օրերս կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: Հայտարարագրման համակարգն ուժի մեջ կմտնի 2024 թվականին՝ 2023 թվականի եկամուտների համար»:

Ըստ էության, հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ՝ վաղը գնալու են մարդկանց եկամուտների հետևից՝ պահանջելով բացահայտել այդ գումարների գոյացման աղբյուրները և, ամենակարևորը, դա արվելու է ոչ թե հետաքրքրությունից դրդված, այլ հարկելու նպատակով։

Եթե մի փոքր ավելի բացենք այս ամենը, ապա ակնհայտ է, որ արդեն մյուս փուլում կենտրոնանալու են կանխիկի գոյացման աղբյուրների վրա։ Դա լինելու է արդեն հաջորդ տարվանից։ Որքան էլ համատարած հայտարարագրում նախատեսվում է ներդնել 2024թ.՝ այն լինելու է 2023թ. եկամուտների հիման վրա։ Գաղտնիք չէ, որ համատարած հայտարարագրումը լուրջ խնդիր է դառնալու շատերի և հատկապես նրանց համար, ովքեր իրենց կենցաղային կարիքները բավարարում են դրսում աշխատած գումարների հաշվին։ Այդ գումարները ստացվում են կանխիկ թե անկախիկ, դրանցով մարդիկ բնակարան թե ավտոմեքենա են ձեռք բերում, այսօր որևէ սահմանափակում չկա։ Անկանխիկ գործարքների դեպքում ու հատկապես եկամուտների հայտարարագրումից հետո, նրան հարցնելու են՝ որտեղի՞ց քեզ այդ գումարը, ավելին, որպես ներսում չհարկված եկամուտ՝ հարկելու են։ Ստացվելու է այնպես, որ դրսում աշխատած գումարի դիմաց, մարդիկ ներսում պարտադրված են լինելու եկամտային հարկ վճարել։

Ակնհայտ է, որ այս խնդրին բախվելու են բազմաթիվ քաղաքացիներ՝ հաշվի առնելով, թե քանի հազար մարդ է տարեկան գնում երկրից արտագնա աշխատանքի ու իր ընտանիքի ապրուստը հոգալու համար՝ գումար վաստակելու նպատակով։ Եկամուտների հայտարարագրումից հետո հարկման ռիսկի տակ են հայտնվելու նաև այն քաղաքացիները, որոնց եկամուտների մի մասը ձևավորվում է դրսից՝ իրենց հարազատների կողմից ուղարկված տրանսֆերտների հաշվին։

Վստահաբար կարող ենք փաստել, որ կանխիկի սահմանափակման այս քայլերով կառավարությունը գնում է մարդկանց եկամուտների հարկման՝ կապ չունի, թե դրանք ինչպես են ձևավորվել։ Ինչ-որ սահմանաչափից դուրս գտնվող եկամուտները, որոնք, անշուշտ, կերևան անկանխիկ գնումներ կատարելու ժամանակ, կենթարկվեն հարկման՝ եկամտային հարկով։ Դրանց մի մասը մարդիկ ստիպված կլինեն վճարել պետությանը, անկախ նրանից՝ այդ գումարների ձևավորման հետ պետությունն առնչություն ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել։ Աղքատության այն մակարդակում, որում գտնվում է մեր քաղաքացին, սա լրացուցիչ սոցիալական լարվածություն է առաջացնելու։

Ամփոփելով փաստենք մի առանցքային դրույթ՝ տեղի ունեցող գործընթացներն, առաջին հայացքից, այնպիսի տպավորություն են թողնում, թե մարդկանց կյանքը թեթևացնելու նպատակով է արվում, այն բացառապես հերթական անգամ մարդկանց իրենց խամաճիկը դարձնելու քայլ է։

Արմեն Հովասափյան